Ռուսաստանի Կենտրոնական բանկը հոկտեմբերի 9-ին հետ է վերցրել եւս երեք բանկերի լիցենզիան, գրում է  Lenta.ru-ն՝ վկայակոչելով ֆինանսական կարգավորողի հաղորդագրությունը:

Լիցենզիայից զրկվել են Մոսկվայի «Ունիվերսալ վարկ» եւ «Ժողովրդական վարկ» բանկերը, նաեւ՝ Ռոստովի «Դոնինվեստը»:

Նշվում է, որ բանկերը բարձրռիսկային վարկային քաղաքականություն էին վարում՝ կապված ցածրորակ ակտիվներում ներդրումների հետ: Դրա հետեւանքով բանկերը զրկվել էին սեփական միջոցներից եւ ի վիճակի չէին վարկատուների առջեւ ստանձնած պարտավորությունները կատարելու:

Վերջին տարիներին Ռուսաստանի Կենտրոնական բանկը սկսել է զանգվածաբար հետ կանչել վարկային կազմակերպությունների լիցենզիաները՝ բանկային հատվածի զտում կատարելով:

Լիցենզիայից զրկված բանկերի թվում կան նաեւ ռուսական թոփ-100-ի մասնակիցներ, այդ թվում՝ «Մաստեր-բանկը» եւ «Պուշկինո» բանկը: