«Հարսնաքարի» գործով Վճռաբեկ դատարանը երեք պաշտպանների բողոքները վերադարձրել է առկա թերությունները շտկելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դատապարտյալներ Նորայր Հայրապետյանի եւ Արման Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նա նշեց, որ իր բողոքը հետ չեն վերադարձրել, հետեւաբար՝ փաստաբանը ենթադրում է, որ նրանք էլ իրենց բողոքները կներկայացնեն եւ բոլորը միասին Վճռաբեկ դատարանը կքննեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Ամբաստանյալներն առաջին ատյանի դատարանի որոշումը փորձեցին բեկանել Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն դատարանն առաջին ատյանի որոշումն անփոփոխ թողեց։