Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ընկերակցության ղեկավար Արտյուշա Կարապետյանը «տեղյակ չէր», որ «Հայկական ժամանակ» թերթի լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: NEWS.am-ի թղթակիցը զանգահարել էր այս պահին Ղազախստանում գտնվող Արտյուշա Կարապետյանին՝ ճշտելու, թե ինչպես է վերաբերվում հարուցված քրեական գործին: Սկզբում, Ղզաախաստանի հայկական համայնքի ղեկավարը ձեւացրեց, թե հարցը չի հասկանում, ապա ասաց. «Ես այդ մասին ոչինչ չեմ իմանում»:

Այն հարցին, թե իսկապես սեպտեմբերի 19-ին «Հայաստան-սփյուռք» համաժողովից հետո ինքը խոչընդոտել է լրագրողի մասնագիտական աշխատանքը, Արտյուշա Կարապետյանը պատասխանեց. «Ես ասում եմ, որ ոչինչ չգիտեմ, հաջողություն Ձեզ»:

Այլ հարցերի Արտյուշա Կարապետյանը չպատասխանեց՝ բարկացած անջատելով հեռախոսը:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանը  հոկտեմբերի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր տվել այն մասին, որ  սեպտեմբերի 19-ին Երեւանի «Ալեքսանդր Սպենդիարյանի» անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում՝ «Հայաստան-սփյուռք» համաժողովի աշխատանքների լուսաբանման ընթացքում, Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի ղեկավար Արտյուշա Կարապետյանը խոչընդոտել է իր լրագրողական գործունեությանը։ Մասնավորապես, ըստ լրագրողի, Ա.Կարապետյանին ուղղված հարցից հետո վերջինս իր ձայնագրիչը ձեռքից վերցնելու, ինչպես նաեւ բջջային հեռախոսում եղած` տվյալ գործողության վերաբերյալ տեսաձայնագրությունը ջնջելու միջոցով խոչընդոտել է իր լրագրողական մասնագիտական օրինական գործունեությանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով։ Կատարվում է նախաքննություն։