Համոզված եմ, որ դուք ինձնից եւ իմ քաղաքական համախոհներից երբեք չեք լսել եւ չեք լսելու հակառուսական հայտարարություններ: Այս մասին ռուսական «Նեզավիսիմայա Գազետա» թերթին տված հարցազրույցում նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հաղորդում է «Սիվիլնեթ»-ը: 

Հարցին, թե որպես ոչ իշխանական ամենամեծ ուժի առաջնորդ՝ դուք կարո՞ղ եք բացառել հակառուսական զարգացման սցենարը Հայաստանում, Ծառուկյանը պատասխանել է. «Համոզված եմ, որ դուք ինձնից եւ իմ քաղաքական համախոհներից երբեք չեք լսել եւ չեք լսելու հակառուսական հայտարարություններ։ Այդ կեղծ գաղափարը արհեստականորեն է մտցված շրջանառության մեջ։ Հայաստանում մարդիկ իրենց կյանքում դրական փոփոխություններ են պահանջում, եւ դա ոչ մի կերպ կապված չէ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արեւմուտքի հետ։

Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ դառնալ աշխարհաքաղաքական շահերի բախման օբյեկտ։ Ավելի քան մեկ միլիոն իմ հայրենակիցներ ժամանակավոր կամ մշտական բնակվում են Ռուսաստանում։ Իմ ձեռնարկատիրական գործունեության ընթացքում իմ եւ Ռուսաստանի գործարար շրջանակների միջեւ սերտ կապեր են ձեւավորվել։ Ցանկանում եմ շեշտել, որ ես եղել եմ «Բարգավաճ Հայաստան» եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջեւ համագործակցության հուշագրի ստորագրման ակունքներում։

Մյուս կողմից, պատմական դեպքերի բերումով միլիոնավոր հայեր ապրում են նաեւ արեւմտյան երկրներում։ Ակնհայտ է, որ Հայաստանը պետք է դառնա նրանց բոլորին միավորող կենտրոնը:

Ինչ վերաբերում է կոնկրետ հայ-ռուսական հարաբերություններին, ապա ես հետեւյալ բանաձեւի հետեւորդն եմ՝ Հայաստանին ռազմավարական ուժեղ գործընկեր է հարկավոր՝ ի դեմս Ռուսաստանի։ Սակայն այդ բանաձեւը նաեւ հակառակ երեսն ունի՝ Ռուսաստանին եւս Հարավային Կովկասում հարկավոր է ուժեղ եւ դինամիկ զարգացող դաշնակից՝ ի դեմս Հայաստանի։ Ես պնդում եմ, որ դա միակ ճիշտ բանաձեւն է, որը մեզ հնարավորություն կտա բոլոր բնագավառներում էլ ավելի խորացնել մեր հարաբերությունները: Որքան հզոր լինի Հայաստանը, այնքան ավելի խոր եւ ամուր կդառնան հայ-ռուսական հարաբերությունները»: