Այսպես կոչված մայդանները ժողովուրդներին հաճախ տառապանք եւ ցավ են բերում. ես նման ճանապարհի հակառակորդն եմ: Այս մասին ռուսական «Նեզավիսիմայա Գազետա» թերթին տված հարցազրույցում նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հաղորդում է «Սիվիլնեթ»-ը:
Հարցին, թե Հայաստանում հանրահավաքների շարքը կարող է նոր «մայդան» դառնալ, Ծառուկյանը ատասխանել է. «Դա ընդամենը այն բանի ապացույցն է, որ ժողովուրդը հոգնել է վատ կյանքից եւ անարդարությունից, որ տիրում է երկրում։ Միեւնույն ժամանակ քաղաքական գրագետ օրակարգ ձեւավորվելու ունակ շոշափելի քաղաքական համախմբում է տեղի ունեցել։
Դեռ հինգ-վեց տարի առաջ ես զգուշացնում էի, որ երկրում անարդարացի տնտեսական քաղաքականություն է վարվում։ Սակայն իմ ձայնը չհասավ հասցեատիրոջը, եւ այսօր, ցավոք, մենք ունենք այն, ինչ ունենք։ Էապես տուժել է փոքր եւ միջին բիզնեսը, փակվել է մի քանի հազար ձեռնարկություն։ Որպես վերը ասվածի հետեւանք՝ Հայաստանում ունենք աղքատության մակարդակի աճ, օտարերկրյա ներդրումների շեշտակի անկում, տնտեսական աճի տեմպի նշանակալի դանդաղում։
Այս պայմաներում առավել ազդեցիկ քաղաքական ուժերը, որոնք իշխանության մեջ չեն, պայմանների փաթեթ են ձեւավորել, որը բաղկացած է 12 կետից։ Սա սկզբունքորեն երկար ճանապարհի սկիզբն է։
Իշխանությունները բավականին ժամանակ ունեին, որպեսզի պատշաճ արձագանքեին եւ սկսեին այդ պայմանների քննարկումն ու իրականացումը։ Դա նաեւ քաղաքական ուժերի հետ երկխոսություն սկսելու լավ հնարավորություն էր։ Դա չարվեց։ Ստեղծված պայմաններում ի՞նչ է մնում ժողովրդին անելու՝ օգտագործել իր սահմանադրական իրավունքն ու պահանջել այդ պարզ պայմանների կատարումը։
Իմ կարծիքով, այսպես կոչված մայդանները ժողովուրդներին հաճախ տառապանք եւ ցավ են բերում։ Ես նման ճանապարհի հակառակորդն եմ։ Սակայն «մայդանի» այլընտրանքը չպետք է լինի լճացումը։ Դա նույնպես հանգեցնում է կորուստների։ Իսկ այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, այդ կորուստները կարող են շատ ցավագին լինել։





























