Երեւանի Այգեստան 167 տան մոտ, դեպի Սարալանջ տանող նոր ճանապարհին սեպտեմբերի 30-ին հնչած կրակոցների գործով քննությունը շարունակվում է:
NEWS.am-ին ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները ճշտելու համար, գործով ձերբակալված անձ դեռեւս չկա:
Նշենք, որ հնչած կրակոցների գործով փաստի առթիվ նույն օրը հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սարալանջում մի մեքենայից կրակոցներ են հնչել մյուսի ուղղությամբ, որի մեջ գտնվողը՝ 21-ամյա Լեւոն Հարությունյանը, ոտքին ստացել է վնասվածք: Երթեւեկության ընթացքում «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակել ու դիմել փախուստի: Նշենք, որ Լեւոնը «Շարլոտի» սեփականատիրոջ եղբոր որդին է, իսկ հայրն էլ օգոստոսի 26-ին մասնակցել էր նույն ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքին: Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ի գիշերը Բաղրամյան պողոտայում գտնվող «Շարլոտ» գիշերային ակումբում վիճաբանություն ու ծեծկռտուք էր տեղի ունեցել ակումբի տերերի ու հաճախորդների միջև: Հաճախորդների մեջ են եղել Կենտրոնի հարկայինի պետը, նաեւ ԱԱԾ աշխատակից: Վերջիններս դեպքից օրեր անց աշխատանքից ազատվեցին: Ըստ լրատվամիջոցների՝ մասնակիցների մեջ է եղել նաեւ ֆինանսների նախարարի որդին:





























