«Օրինաց երկիր» կուսակցությունը վաղը՝ հոկտեմբերի 10-ին, Ազատության հրապարակում կայանալիք եռյակի հանրահավաքին մասնակցելու հրավեր չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՕԵԿ փոխնախագահ, խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

«Մենք հրավերք չունեն, հո մենք  անկոչ հյուր չե՞նք, որ գնանք մասնակցենք: Մենք ուղղակի ողջունում ենք քաղաքական ուժերի հավաքը, երեք քաղաքական ուժերը որոշել են հանրահավաք անել եւ խոսել իրենց մտահոգող խնդիրների մասին, դա մեզ համար ընդունելի է»,-ասաց նա:

Կմասնակցեն շարքային ՕԵԿ-ականները հանրահավաքին,թե ոչ, Հեղինե Բիշարյանը նշեց, որ իրենց տեսակետն ու մոտեցումները գիտի յուրաքանչյուր ՕԵԿ-ական եւ կարծում է, որ նրանք հավատարիմ են դրանց: Համաձա՞յն են եռյակի պահանջներին, թե՞ ոչ. կբարձրացվի՞ իշխափոխության խնդիր, թե՞ ոչ, ՕԵԿ փոխնախագահը չի կարող ասել, քանի որ նրանց քննարկումներին մասնակից չէ եւ տեղյակ չէ, թե վաղը ինչ պահանջներ են բարձրացվելու: