Տավուշի մարզի Իջեւանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը հրաժարվում է հայտնել՝ հոկտեմբերի 10-ին մասնակցելու է խորհրդարանական ոչ իշխանական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հրավիրած համատեղ համապետական հանրահավաքին, թե ոչ:

NEWS.am-ի թղթակիցն արդեն մի քանի օր փորձում է ԲՀԿ-ականից ճշտել՝ արդյոք հոկտեմբերի 10-ին ինքը լինելու է Ազատության հրապարակում: Վարդան Ղալումյանն ամեն անգամ բարկացած պատասխանում է. «Եկեք Իջեւան, մենակ էդպես հարցին կպատասխանեմ: Թողեք աշխատեմ էլի, խանգարում եք ինձ»:

Դիտարկմանը, թե հոկտեմբերի 4-ին քաղաքապետն Իջեւանում չի մասնակցել եռյակի մարզային հանրահավաքին, իսկ այդ օրը իր մայրը՝ քաղաքի ավագ դպրոցի կազմակերպիչը, Իջեւանի Շատրվանների հրապարակ էր բերել դպրոցականների, ովքեր գոռում էին «այո, այո», Ղալումյանը նորից է հրաժարվում պատասխանել՝ բարկացած անջատելով հեռախոսը:

Ի դեպ, ԲՀԿ-ական քաղաքապետներից մինչեւ հիմա միայն Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն է միացել եռյակին: Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանն արձակուրդի մեջ է եւ մեկնել է արտերկիր, իսկ պատճառն ըստ տարածված տեղեկությունների, հենց հանրահավաքն է:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ոչ իշխանական եռյակը հոկտեմբերի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում հրավիրում է համատեղ համապետական հանրահավաքին, որտեղ ամփոփվելու են կառավարության ներկայացրած 12 պահանջների արդյունքներն ու անդրադարձ է լինելու Սահմանադրական բարեփոխումներին: