Երեւանի քաղաքապետարանի եւ Մոսկվայի կառավարության միջեւ ստորագրված 2014 -2016թթ. համագործակցության ծրագրով Երեւանում անցկացվել է «Երիտասարդական քաղաքականության ասպարեզում Մոսկվայի եւ Երեւանի միջեւ համագործակցության զարգացմանը նվիրված կլոր սեղան»:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպում-քննարկմանը մասնակցել են ավելի քան 30 երիտասարդներ՝ հայաստանյան եւ ռուսաստանյան տարբեր կազմակերպություններից, ինչպես նաեւ Մոսկվայի կառավարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, կարեւորել է կլոր սեղանի անցկացումը՝ փորձի փոխանակման եւ համատեղ նախագծերի իրականացման տեսանկյունից: Յուրի Մամիկոնյանը նաեւ ընդգծել է, որ հատկապես վերջին տարիներին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատուկ ուշադրություն է դարձնում քաղաքային ծրագրերում երիտասարդության  ներգրավվածությանը: Այդ նպատակով ձեւավորվել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդ:

Ըստ օրակարգի՝ կողմերը հանդես են եկել երիտասարդական քաղաքականության իրականացման, կամավորական շարժման զարգացման,  քաղաքային սոցիալական նախագծերում երիտասարդության ներգրավվածությանն առնչվող զեկույցներով:  Բացի այդ, քննարկվել են մշակութային եւ հասարակական  կենտրոնների ձեւավորման եւ զարգացման հնարավորությունները:

Երիտասարդները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները եւ պայմանավորվածություն ձեռք բերել շարունակելու համագործակցությունը եւ առաջիկայում քննարկելու համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: