«Ամերիաբանկն» ՓԲԸ-ն եւ Նիդեռլանդների զարգացման ֆինանսական ընկերության FMO-ի միջեւ հոկտեմբերի 9-ին կնքվեց 20 մլն դոլարի փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր։

Հայկական կողմից պայմանագիրը ստորագրեց «Ամերիաբանկի» տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, իսկ նիդեռլանդական կողմից՝ Նիդեռլանդների զարգացման ֆինանսական ընկերության ներդրումների եւ առաքելության տնօրեն Ռուդ Բրովերը։

«Ամերիաբանկը» մեր ֆինանսական համակարգի կարեւորագույն մասնակիցներից, այն կարեւորագույն կայացած ունիվերսալ կառույց է, որը մշտապես աչքի է ընկել ցուցանիշների դինամիկ աճով, եւ ամենահին բանկերից է եւ վերածնված ժամանակակից բանկերից մեկն է Հայաստանում. 5 տարում տպավորիչ է աճը՝ տարեկան միջինը 40% վարկավորման աճ հիմնականում տնտեսության տարբեր ճյուղերի, եւ վատ վարկերի որակը բավականին ցածր մակարդակի է։ Մշտապես լինելով վարկավորման շուկայում՝ բանկն իր ներդրումն է ունենում տնտեսության զարգացման գործում»,- ասաց  ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղեկալ Ներսես Երիցյան։

Անդրադառնալով գործարքին՝ նա ասաց, որ իրենք կարեւորում են ֆինանսական համակարգում կապիտալիզացիայի բարձր մակարդակը եւ ինստիտուցիոնալ ներդրողների մուտքը։ 

Նիդեռլանդների զարգացման ֆինանսական ընկերության ներդրումների եւ առաքելության տնօրեն Ռուդ Բրովերի խոսքով՝ հարաբերությունները FMO-ի եւ «Ամերիաբանկ»-ի միջեւ սկսվել են 2009թ. «Մենք համագործակցում ենք աշխարհի երեք խոշորագույն համակարգերի հետ, սակայն 2009 թվականից սկսած դա առաջին փորձն էր, երբ մենք ներդնում ենք բնապահպանական եւ սոցիալական գնահատման գործիք բանկում։ Մնացաց բոլոր բանկերի հետ համագործակցությունը վերաբերել է խորհրդատվությանը, այսինքն նրանք մեզ բողոքում էին, որ բանկի զարգացումը այդքան արագ չէ, մինչդեռ «Ամերիաբանկ»-ի դեպքում առաջին անգամ էր, որ խորհրդատուն բողոքում էր, որ չի կարողանում հասցնել բանկի հետեւից։ Եւ սա հենց այն հիմքն է, որի վրա հենվելով այսօր ստորագրել ենք փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիրը»։

«Ամերիաբանկի» տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքով՝  համագործակցությունը FMO-ի եւ «Ամերիաբանկ»-ի միջեւ սկսվել է, երբ FMO-ն առաջին անգամ մուտք գործեց Հայաստանի ֆինանսական շուկա. «Կնքվեց գործարք «Ամերիաբանկ»-ի հետ 30 մլն դոլար ֆինանսավորման պայմանագրով։ FMO-ն առաջին անգամ գործարք է կնքում Հայաստանում եւ այն կնքում է պայմանագիր «Ամերիաբանկ»-ի հետ փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր 20 մլն դոլարի, որից 12,5 մլն դոլարը փոխարկելի մասն է։ 2015 թ. հունվարի մեկից այդ գումարը կարող է փոխարկվել կապիտալի։ Ի՞նչ է տալու փոխարկելի ստորադաս փոխառությունը։ Նախ այն հնարավորություն է լրացուցիչ աճի, զարգացնելու եւ ըդլայնելու վարկային ներդրումները։ Այս 20 մլն հնարավորություն կընձեռի եւս 100 մլն –ով ավելացնելու մեր բանկի վարկային ներդրումները։ Բացի այդ, համագործակցությունը  FMO-ի հետ հնարավորություն է տալու փոխանցելու կորպորատիվ կառավարման արեւմտյան մոդելը, որը գործում է եւ կատարելագործել մեզ մոտ գործող կորպորատիվ կառավարման մթնոլորտը»։

Նշենք, որ բանկային պատմության մեջ առաջին անգամ է, որ հայկական բանկը փոխարկելի ստորադաս փոխառություն է ներգրավում  միջազգային ֆինանսական կազմակերպությունից, ինչը հայկական բանկային համակարգի հանդեպ միջազգային ներդրողների աճող փոխառության խոսուն ապացույց է։