2-ամյա Լիա Միսակյանի մահվան պատճառը, ոչ թե թոքաբորբն է եղել, այլ՝ ալեգրոցիտոզը, որն առաջանում է հակաբորբոքային դեղամիջոցներից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2-ամյա Լիայի մահվան մեջ մեղադրվող բժիշկների գործով դատական նիստին ասաց փորձագետ Սեյրան Հովհաննիսյանը։
«Մինչեւ փորձագիտական եզրակացությունը մեզ տրվել են նյութերը եւ փորձաքնության ընթացքում պարզվել է, որ առաջացել է ալեգրոցիտոզը, այսինքն արյան հետ կապված խնդիր, որն առաջանում է հապտենային այնպիսի պրեպարատներից, ինչպիսիք են նուրոֆենը, անալգինը եւ այլ հակաբորբոքային դեղամիջոցները»,- ասաց Սեյրան Հովհաննիսյանը։
Դատախազ Դավիթ Կարապետյանը փորձագետին հարցրեց՝ արդյոք ինքը համաձայն է այն մտքի հետ, որ եթե հերթապահող բժիշկուհիների կողմից ճիշտ գնահատվեր եւ ճիշտ ախտորոշում տրվեր երեխայի վիճակին՝ նրան փրկելու հավանականությունը մեծ կլիներ։
«Միանշանակ չենք կարող ասել»,- ասաց փորձագետը, ինչին դատախազը հակադարձեց. «Խուսափո՞ւմ եք պատասխանել»։
Մեղադրյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանն առարկեց դատախազի հարցադրմանը։
«Հարգելի դատարան առարկում եմ մեղադրողի նմանատիպ հարցադրումներին, քանի որ դա ճնշում է փորձագետի վրա, եւ նման է բառախաղի։ Նա ուզում է ստանալ իր ուզած պատասխանը։ Հոգնել ենք արդեն, օրենք գոյություն ունի՞ այս անտերում»,- ասաց Երեմ Սարգսյանը։
Դատարանը չընդունեց փաստաբանի առարկությունը՝ դիտողություն անելով, որ հաջորդ անգամ նմանատիպ արտահայտություններ թույլ տալու եւ դատական կարգը խախտելու համար նրա նկատմամբ սանկցիա կկիրառվի։
Հյուսվածքաբան Վարդան Դամաղյանը, որը գործով ներգրաված էր որպես փորձագետ դատարանում նշեց, որ թոքաբորբի ախտորոշման համար փորձանմուշ վերցնելը կատարվել է որոշակի թերություններով։
«Թոքաբորբի ախտորոշման համար երեխայից վերցրել են 2 կտոր թոքի փորձանմուշ, որը սխալ է, քանի որ ըստ օրենքով սահմանված կարգի անհրաժեշտ էր վերցնել 5 կտոր»։
Հիշեցնենք, որ 2-ամյա Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել է եւ աղջնակը մահացել է:
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ Լիլիթին եւ Զարինեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:




























