Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) միացել է ԱՄՆ ղեկավարությանն ուղղված կոչերին՝ բարձրացնել Թուրքիայի հարցը, որը փորձում է սիրիական ճգնաժամը շահարկելու ճանապարհով իրականացնել իր սահմաններում կամ սահմանների մերձակայքում քրդերի, հայերի, արաբների, ասորիների, ալեւիների եւ էթնիկ այլ փոքրամասնությունների թուլացման եւ ոչնչացման իր դարավոր ծրագիրը: Այս մասին ասված է Հանձնախմբի՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հասցեագրված նամակում:
Հոկտեմբերի 9-ին Սպիտակ տանն ուղղված նամակում Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Հաչիկյանն Օբամային կոչ է արել շարունակել «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարը՝ միաժամանակ նշելով, որ միջազգային հանրությունը չի կարող դրանով սահմանափակվել:
Հաչիկյանը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է «հավասարապես դիմակայի Թուրքիային, որն ազգային փոքրամասնությունների ոչնչացման նեոօսմանական արշավի շրջանակում «Իսլամական պետության» ահաբեկիչներին օգտագործելով որպես փոխնակ զինվորներ՝ մեծացնում է իր ազդեցությունը տարածաշրջանում եւ ընդլայնում է իր սահմանները: Եվ այս ամենը՝ ԱՄՆ-ի շահերի հաշվին եւ ի հակադրություն ամերիկյան ժողովրդի հիմնարար արժեքներին»:
Ափսոսանք հայտնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տարածաշրջանում անկայունությանը նպաստող ռեժիմի մասին ճշմարտացի ելույթի համար ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հայտնած «հարկադիր» ներողության առիթով, Հաչիկյանը նշել է. «Պարոն Նախագահ, Քոբանեում, Դեր Զորում, Հալեպում, Քեսաբում եւ Սիրիայի ամբողջ հյուսիսի երկայնքով Անկարայի աճող ագրեսիայի վրա աչք փակելու փոխարեն, մենք պետք է կանգնեցնենք Թուրքիայի կողմից ԻՊ-ի զինյալներին աջակցությունը եւ վերջ դնենք սիրիական ճգնաժամին Անկարայի միջամտությանը»:




























