Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիության մասին նոր օրենքը Հայաստանում սխալ են հասկացել. երկքաղաքացիություն ունեցող մարդիկ ընդամենը պետք է այդ մասին տեղեկացնեն ՌԴ միգրացիոն ծառայությանը: Այսօր` հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում անձնագրային եւ վիզաների վարչության հսկողության պետ Մնացական Չարխչյանը ներկայացրեց ՌԴ-ում ընդունված նոր օրենքը:

«ՌԴ-ում քաղաքացիության մասին օրենքում կատարվել է փոփոխություն: Երբ ՌԴ քաղաքացին այլ երկրում ստանում է քաղաքացիություն, կամ կացության կարգավիճակ, ապա նա պետք է օրենքով սահմանված կարգով տեղեկացնի միգրացիոն ծառայությանը: Հայերը դա սխալ են հասկացել, շատերը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից: Խոսքը ոչ թե երկքաղաքացիության անթույլատրելիության մասին է, այլ ընդամենը այդ մասին ծանուցելու: Ինչ վերաբերվում է տուգանքներին, ապա ովքեր չեն տեղեկացնի այդ մասին, ապա ենթարկվում են պատասխանատվության` 200 հազար ռուբլի` 8 հազար դոլար: Եթե սահմանված ժամկետից հետո քաղաքացին ինքնակամ տեղեկացնում է այդ մասին, ապա վարչական պատասխանատվությունը կկազմի 500-1000 ռուբլի»,- ասաց Մնացական Չարխչյանը:

Թե ինչ կլինի եւ ինչ փոփոխություններ կմտցնի Ռուսաստանի Դաշնությունը, այս պահին Մնացական Չարխչյանն ասել չի կարող:

Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտնել էր, որ օգոստոսի 4-ին ՌԴ-ում ուժի մեջ է մտել երկքաղաքացիության փաստը թաքցնելն արգելող օրենքը, որով այլ երկրի քաղաքացիություն ունեցող Ռուսաստանի քաղաքացին այժմ պարտավոր է այն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում հաղորդել Դաշնային միգրացիոն ծառայություն: Օրենքը խախտելու դեպքում քաղաքացին ստիպված կլինի մինչեւ 200 հազար ռուբլի տուգանք վճարել, կամ մինչեւ 400 ժամ պարտադիր աշխատանքներ կատարել: