Հայաստանում փոքրի եւ միջին արտադրողները վաճառողներից ավելի բարեխղճորեն են վարում հաշվապահական հաշվառումը: Այդ մասին հոկտեմբերի 9-ին Կառավարությունում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը:

«Ես չեմ խոսում բոլորի մասին առանց բացառության, սակայն ընդհանուր առմամբ այդպես է: Դուք գրեթե չեք գտնի արտադրողի, նույնիսկ փոքր, որը մանրամասնորեն հումքի եւ վաճառված ապրանքների հաշվառում չիրականացներ: Առեւտրում իրավիճակն այլ է, այստեղից էլ մեր ուշադրությունը փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ»,- հայտարարել է Ալավերդյանը: Բացի այդ, շրջանառության հարկի մոտ 55 հազար հարկատուների շարքում մեծամասամբ վաճառողներն են, հավելել է նա:

Հիշեցնենք, որ այսօրվա նիստում Հայաստանի կառավարությունը հաստատել է օրինագիծը «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ, որի համաձայն ձեռք բերված ապրանքների գույքագրման վերջնաժամկետը 2014թ.-ի հոկտեմբերի 10-ից երկարաձգվում է մինչեւ 2015թ.-ի փետրվարի 1-ը:

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխությունը, որի համաձայն փոքր եւ միջին ձեռներեցների համար առեւտրի բնագավառում հարկը 3.5-ից նվազեցվել է 1 տոկոսի, սակայն ներմուծվել է մատակարարի անունը հաշիվ ֆակտուրաներում նշելու անհրաժեշտություն: