Ռուսաստանցիների կեսը Չինաստանը Ռուսաստանի համար ամենաբարեկամական երկիրն են համարում, ամենաթշնամականը, ըստ նրանց, ԱՄՆ-ն է: Նման տվյալներ է ներկայացնում Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը:

Ռուսաստանի հետ ջերմ հարաբերություն ունեցող երկրների առաջին եռյակում նաեւ Բելառուսն (32%)  ու Ղազախստանն (20%) են: Հաջորդում է Հնդկաստանը (9%), Բրազիլիան լավ դաշնակից է համարում 4%-ը: Այս ցուցակում առաջին անգամ հայտնվել են Կուբան  (4%) եւ Արգենտինան (3%): Գերմանիային որպես «բարեկամ» այժմ ընկալում է միայն 2%-ը՝ նախորդ տարվա  17%-ի դիմաց: Նույն չափով (2%) ռուսաստանցիներ են Հայաստանը բարեկամ երկիր համարում: Այս հարցում ռուսաստանցիների տեսակետը 6 տարում փոփոխության չի ենթարկվել:

Ֆրանսիային բարեկամ համարողների թիվը եւս նվազել է (6%-ից 1%):

Ռուսաստանցիները հիմնական թշնամական երկիր են համարում ԱՄՆ-ն, եւ եթե 6 տարի առաջ այսպես էին կարծում պատասխանողների մեկ քառորդը (25%՝ 2008թ.), ապա այսօր արդեն երեք քառորդն է (73%՝ 2014 թ.): Զգալի աճել է նաեւ նրանց թիվը, որոնց կարծիքով Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունները խիստ լարված են (21%-ից 32%):

Հարցումն անցկացվել է 2014թ. սեպտեմբերի 20-21-ին՝  130 բնակավայրերի 1600 բնակիչների շրջանում: