«Air Armenia» ավիաընկերությունը սնանկ ճանաչվելու վտանգի առաջ կանգնած չէ, չունի կուտակված պարտքեր եւ չի կորցրել կազմակերպությանը պատկանող ոչ մի ինքնաթիռ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ավիաընկերությունից:

«Air Armenia» ավիաընկերության կողմից շահագործվող օդանավերից երկուսը ներկայումս վերադարձել են Հոլանդիա եւ գտնվում են տեխնիկական սպասարկման ու շարժակազմի վերազինման գործընթացում: Օդանավերի տեխնիկական սպասարկումը պարտադիր եւ պլանային գործընթաց է, որն իրականացվում է օդանավերը վարձակալության հանձնած ընկերության հետ ձեռք բերված պարտավորությունների շրջանակներում:

Ավիաընկերությունը երբեւէ Դուբայը ներկայացնող ոչ մի կազմակերպությունից ինքնաթիռ չի գնել, չի վարձակալել եւ այս ուղղությամբ գործնականում ոչ մի համագործակցություն չի իրականացրել:

Նշենք, որ  «Air Armenia» ավիաընկերությունն իրականացնում է գործարքներ, կնքում պայմանագրեր, որի արդյունքում առաջանում են ֆինանսական պարտականություններ, որոնք էլ պայմանագրերով սահմանված ժամկետներում կատարվում են: «Շարունակական տարածվող ապատեղեկատվությունն առ այն, որ կազմակերպությունն ունի այնպիսի խնդիրներ կամ պարտքեր որոնք կարող են լուծարման հիմք հանդիսանալ, իրականությանը չեն համապատասխանում: Կազմակերպության խնդիրները հիմանականում կապված են տեղական լրատվամիջոցների կողմից տարածվող եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հետ, ինչը «Air Armenia»-ի ուղեւորների շրջանում խուճապի առաջացման պատճառ է դառնում, որն էլ իր հերթին անդրադառնում է թռիչքների ժամանակին կատարման եւ ուղեւորափոխադրումները պատշաճ կազմակերպելու վրա»,-հայտնեցին ավիաընկերությունից:

Առաջացած իրավիճակում ավիաընկերությունը հայցում է ուղեւորների ներողամտությունը եւ հայտնում, որ ավիաընկերությունն իրականացնում է չվացուցակով հաստատված բոլոր չվերթները եւ ստանձնած պարտականությունները:

Ի լրումն չվերթների իրականացման մասին հայտարարություններին՝ տեղեկացնենք, որ ներկայումս սահմանված կարգով հաստատված է ավիաընկերության ձմեռային շրջանի ավիափոխադրումների ցանկը եւ չվացուցակը, որն էլ ներկայացնում ենք ստորեւ (միջազգային աշխատանքային փաստաթուղթ համարելով՝ այն ներկայացնում ենք ռուսերենով):