ՌԴ Կալինինգրադի ոստիկանները ձերբակալել են երկու դեռահասների՝ անտուն մարդուն դաժանաբար ծեծելու կասկածանքով, հաղորդում է «Ռոսբալտը»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անտուն մարդու մարմինը գտել են մանկական այգում, թփերի մոտ: Նրա մարմնի վրա փորձագետ-քրեագետները դանակի բազմաթիվ հարվածներից վնասվածքներ են հայտնաբերել: Վնասված է եղել նաեւ գլուխը: Մահացածը 36-ամյա տղամարդ է, միջինասիական հանրապետություններից: Դիակի կողքին գտել են ալկոհոլային խմիչքի շշեր:

Օպերատիվ միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզել են կասկածյալների ինքնությունն ու ձերբակալել: Նրանք 16-ամյա եւ 17-ամյա դպրոցականներ են: Նրանցից մեկի մոտ ոստիկանները փայտե մահակ, մետաղյա ձող եւ դանակ են գտել: Մահակի վրա արյան հետքեր են եղել: