Հայկական բանկերի խոշորացումն անխուսափելի է, հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի անդամ, գործարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ռուսական բանկերի հանդեպ կիրառվող պատժամիջոցները ինչ ազդեցություն կունենան Հայաստանի բանկային համակարգի եւ շուկայում դրույքաչափերի փոփոխության վրա:
Փողի արժեքը որոշվում է տարբեր գործոններով, եւ այս հարցում Հայաստանը եւս կախում ունի համաշխարհային կոնյունկտուրայից եւ նախկին ԽՍՀՄ երկրների իրավիճակից, որոնք այս կամ այն կերպ սերտորեն փոխկապակցված են տնտեսական պլանում:
«Այնուամենայնիվ, մենք ուղղակի կախվածություն չունենք, սակայն մենք գումար ստանալու հնարավորություն ունենք, եւ ոչ միայն ռուսական աղբյուրներից, այլեւ միջազգային կառույցներից: Այս պլանում, կարծում եմ, լավ հնարավորություններ կան դրույքաչափերը նույնը պահպանելու համար՝ ճիշտ դրամավարկային քաղաքականության դեպքում:
Ի պատասխան հարցին՝ ինչպես կազդի ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումը հայկական տնտեսության վրա, Վարդանյանը նշել է. «Իհարկե, մեզ համար Ռուսաստանը իրացման խոշորագույն շուկա է, մեր քաղաքացիների համար խոշորագույն աշխատաշուկան, խոշորագույն գործընկերը Հայաստանում ունեցած սեփականության տեսանկյունից: Այս տեսանկյունից, իհարկե, ռուսական ռուբլու տատանումները Հայաստանի համար ուժեղ ազդեցություն կունենա, սակայն դա ուղղակի կախվածություն չէ:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ռուսական բանկերի հետ կապված իրավիճակը կանդրադառնա Հայաստանի բանկային համակարգի վրա, քանի որ ռուսական բանկերը ներկայացված են այստեղ, Վարդանյանը նշել է, որ Հայաստանում ռուսական խոշորագույն բանկեր են ներկա: «Այլ բան է, որ Հայաստանում բանկային համակարգի խոշորացման հարցն անխուսափելի է: Հայաստանի համար 21 բանկը շատ է»:




























