Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ Երեւանի 2796-ամյակի կապակցությամբ բացվել է «Պանարմենիան էքսպո 2014» տարվա գլխավոր ցուցահանդեսը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ արդյունաբերական պալատի, Զարգացման հայկական գործակալության եւ «Պրոմ էքսպո» ընկերության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային ցուցահանդեսի հիմնական նպատակն է բացահայտել Հայաստանի տնտեսական ներուժն ու խթանել այլ երկրների միջեւ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ ստեղծել գործարար հարթակ Սփյուռքի հետ՝ տնտեսական, մշակութային եւ գիտատեխնիկական ուղղություններով:
«Պանարմենիան էքսպո 2014» ցուցահանդեսին մասնակցում են 120 կազմակերպություններ՝ Հայաստանից, ՌԴ-ից, Չինաստանից, Իրանից, Վրաստանից եւ մի շարք այլ երկրներից: Առանձին՝ տոնական տաղավարով ցուցահանդեսին ներկայացված է նաեւ Երեւանի քաղաքապետարանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին եւ շնորհավորելով էքսպոյի բացման եւ միաժամանակ մայրաքաղաքի 2796-ամյակի կապակցությամբ՝ քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը կարեւորում է նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը եւ նշել նաեւ, որ այս անգամ տաղավարում ներկայացված են ներդրումային ծրագրերի փաթեթներ, որոնք կարող են հետաքրքրել էքսպոյի մասնակից հնարավոր ներդրողներին:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերն ու մասնակիցները շրջել են տաղավարներում, ծանոթացել ներկայացված ապրանքատեսակներին: Առանձնակի ջերմությամբ հյուրերը ծանոթացել են Երեւանի քաղաքապետարանի տաղավարին: Ցուցահանդեսը բաց է բոլոր ցանկացողների համար եւ կգործի մինչեւ հոկտեմբերի 12-ը:




























