Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանից ներկայացվելիք 3 թեկնածուներից կընտրեն Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին, քանի որ միայն նա է իր կենսագրության մեջ նշել, թե տիրապետում է ֆրանսերենի եւ անգլերենի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ ստորագրել է ՄԻԵԴ մրցույթի վերաբերյալ կազմակերպությունների կողմից տարածված հայտարարության ներքո եւ ինքը չի հավատում, որ պատահական են որոշ թեկնածուներ ժամկետանց ներկայացրել դիմումները:Փաստաբանը շեշտում է, որ դա լինում է այն դեպքում, երբ խնդիր է լինում բալանսավորել առաջարկվող կազմը, օրինակ՝ արական եւ իգական սեռերի համամասնություն պահպանելու նպատակով եւ դրանից ելնելով՝ խնդրել են ինչ-որ մարդկանց իրենց թեկնածությունները ներկայացրել: «Ո՞նց է ստացվել, որ շատ քիչ բալեր հավաքած Նելիկ Հարությունյանը ընդգրկվել է երեք անձանց շրջանակներում, արդյոք Եվրախորհրդի կողմից պահա՞նջ է եղել, որ երեքից մեկը պետք է կին լինի, նա ընդգրկվել է, արդյունքում դուրս է մնացել բարձր բալեր հավաքած 3-րդ թեկնածուն»,-նշեց նա:
Նիկոլայ Բաղդասարյանի համար անհասկանալի է, թե ինչ չափանիշներով են գնահատվել թեկնածուները՝ լեզվի իմացությա՞ն, ՄԻԵԴ նախադեպերի՞, թե այլ: «Չեմ հավատում, որ բոլորը տիրապետում են անգլերենի եւ ֆրանսերենի, կամ ՄԻԵԴ-ի նախադեպերին են տիրապետում: Նախկին մրցույթի ժամանակ նույն ձեւ էր, երեք թեկնածու էր ներկայացվել, երկուսը չէին տիրապետում, ընտրվեց Ալվինա Գյուլումյանը: Այժմ էլ Արա Ղազարյանը եւ Նելիկ Հարությունյանը իրենց ինքնակենսագրականի մեջ գրել են, որ չեն տիրապետում ֆրանսերենի, Արմեն Հարությունյանը գրել է,թե տիրապետում է, հետեւաբար՝ ըստ տրամաբանության՝ նրան էլ կընտրեն: Այնտեղ թեկնածուներ կային, որոնք տիրապետում էին ֆրանսերենին, օրինակ՝ փաստաբան Վահե Գրիգորյանը, տրամաբանություն կար, որ նա կընդգրկվեր այդ ցուցակում, բայց եթե նա ընդգրկվեր, այդ դեպքում կանխատեսելի չէր լինի, թե ՄԻԵԴ-ում ում կընտրեին: Անհասկանալի է՝ ինչ չափանիշով է Վահեն ավելի նվազ գնահատվել, քան Արա Ղազարյանը, չեմ հավատում, որ լեզվի իմացությամբ, նախադեպերի իմացությամբ նա ավելի վատ գիտի, քան մնացածները»,-ասաց փաստաբանը՝ շեշտելով, որ Վահե Գրիգորյանը հաստատ մի քայլ առաջ էր եւ ավելի լավ է տիրապետում լեզուներին, նախադեպերին, քան նույնիսկ քննություն ընդունողները:
Մյուս խնդիրը, որի վրա ուշադրություն հրավիրեց Նիկոլայ Բաղդասարյանն, այն է, որ քննություն ընդունողը եւ հանձնողը պետք է իրար հետ որոշակի հարաբերություն չունեցող անձինք լինեն, թե չէ այսպես ստացվում է՝ ճաշակի հարց էր, ում կուզեին, կընտրեին: «Այս մրցույթը ի սկզբանե չէր կարող արդար անցնել, այնտեղ պետք է նշանակվեին կոնկրետ անձինք, ոչ թե ընտրվեին, քանի որ այն հիմնված է սուբյեկտիվ գնահատականի վրա, օբյեկտիվ չափանիշներ չկան»,-ասաց նա: Փաստաբանը նշեց նաեւ, որ այս մրցույթին պետք է արձագանքի քաղաքացիական հասարակությունը եւ իր վողոքի ձայնը բարձրացնի, եև եթե այս ընտրությունների առաջ քաղաքացիական հասարակությունը ըմբոստանա, ինքը հաստատ կմիանա:
Նշենք, որ ՄԻԵԴ-ում Հայաստանից կներկայացվեն դատավորի 3 թեկնածու՝ Արմեն Հարությունյան, Արա Ղազարյան եւ Նելիկ Հարությունյան, որոնցից կընտրվի մեկը: Խնդիրն այն է, որ 3-րդ տեղը զբաղեցրած Վիգեն Քոչարյանը հավաքել է 81,2շ միավոր, սակայն նրա փոխարեն հանձնաժողովը անց է կացրել 8-րդ հորիզոնականը զբաղեցրած Նելիկ Հարությունյանը՝ 58,05 միավորով՝ պատճառաբանելով սեռերի ներկայացվածության սկզբունքը:




























