Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանը նույնպես պետք է ազատ արձակվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Արսեն Սարդարյանը:
Նա նշեց, որ չի զարմանում, որ այդ գործի շրջանակներում կալանավորված Տիգրան Ասատրյանը ազատ է արձակվել, զարմանում է, որ մինչ օրս Իսրայելին են կալանքի տակ պահում: «Կարծում եմ, որ Իսրայել Սարգսյանը նույնպես պետք է ազատ արձակվի, քանի որ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է, ոստիկանության ուղղությունը սխալ է ընտրել, հրապարակումներն արել է հապճեպ: Ու եթե Տիգրան Ասատրյանին ազատ են արձակել, ապա պետք է հուսալ, որ ամբողջությամբ կհասկանան իրենց սխալները եւ Իսրայել Սարգսյանին եւս ազատ կարձակեն՝ հանելով նաեւ մեղադրանքները»,-ասաց փաստաբանը:
Արսեն Սարդարյանն ասաց, որ սեպտեմբերի վերջին իր պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարացվել էր: Նա իր հետագա գործողությունների մասին չի հայտնում՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով:
«Խնդիրն այն է, որ այսօր դատարանները չեն խորանում, քննիչները ինչ գրում են, մեխանիկորեն կնքում են, մեխանիկորեն կալանք կնքող են դարձել դատավորները»,-ասաց փաստաբանը:
Նա շեշտեց, որ Իսրայել Սարգսյանի նկատմամբ մեղադրանքը անհիմն է, եւ եթե ոստիկանությունը բոլորին նույն հրապարակմամբ է կալանավորել, ապա հիմքեր կան ենթադրելու, որ մյուս անձանց նկատմամբ եւս մեղադրանքը անհիմն է:«Ոստիկանությունը սխալվել է, հիմա էլ փորձում է սխալները սրբագրել: Անմեղ տեղը մարդուն շատ ծանր հանցանքների մեջ են մեղադրում, ինչը չի կարելի: Իսրայել Սարգսյանի կալանքի տակ գտնվելն ապօրինություն է»,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի եղբորը»: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է, եւ Տիգրան Ասատրյանը: Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է եւ դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Փետրվարի 18-ից փրկարարները ոստիկանների հետ որոնում են Մովսեսի դին, սակայն առայժմ չի հաջողվել գտնել:




























