Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, հյուրընկալել է Փարիզի քաղաքապետի գրասենյակի ներկայացուցիչ պարոն Ժան Իվ Կամյուին:

Թանգարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ժան Իվ Կամյուն Երեւան է ժամանել ծանոթանալու համար հաջորդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ կազմակերպվելիք ցուցադրության ցուցանմուշների հետ, որոնք ներկայացվելու են Փարիզի քաղաքապետարանի ցուցասրահներում:

Փարիզի քաղաքապետի գրասենյակի ներկայացուցիչը` պարոն Ժան Իվ Կամյուն, եւ Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը քննարկել են համատեղ ցուցադրության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր:

Ժան Իվ Կամյուն նշել է, որ «Փարիզի նախկին քաղաքապետ Բերտրան Դելանոեն եւ նրա իրավահաջորդը` Աննա Իդալգոն, որոշում են կայացրել, որ Փարիզի քաղաքապետարանը կհյուրընկալի Հայոց ցեղասպանության պատմությանն ու հիշողությանը նվիրված ցուցադրություն: Ցուցադրությունը կբացվի 2015 թվականի ապրիլին: Ցուցադրությունը կընդգրկի ցուցանմուշներ եւ փաստաթղթեր, որոնք կտրամադրի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Իրականացվում է սերտ համագործակցություն թանգարան-ինստիտուտի հետ»:

ՀՑԹԻ տնօրենը Հայկ Դեմոյանը խիստ կարեւորեց նման ցուցադրության կազմակերպումը Ֆրանսիայի մայրաքաղաքում: Նշեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը վերջին մեկ տարվա ընթացքում զգալի աշխատանք է տարել այս ցուցադրության նախապատրաստման ուղղությամբ եւ իր պատրաստակամությունն է հայտնել բացառիկ ցուցամուշներ տրամադրելու եւ ցուցադրությունը հավուր պատշաճի կազմակերպելու համար:

«Այս ցուցադրությունը բացառիկ է լինելու եւ՛ մասշաբներով, եւ՛ ներկայացուցչությամբ: Այն կապված է լինելու Հայոց ցեղասպանության, Առաջին աշխարհամարտի, եւ, իհարկե, հայ-ֆրանսիական հիշողության ու պատմության հետ»,- մատնանշեց Հայկ Դեմոյանը: