ՀՀ դատաիրակական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի եւ դատական իշխանության ապահովումը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«2012 թվականին ՀՀ նախագահի կողմից հաստատվել է ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը: Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի եւ դատական իշխանության ապահովումը»,-ասել է նա:
ԱԺ նախագահի խոսքով՝ 2013թ. մայիս-նոյեմբեր ամիսներին Հայաստանը պատիվ է ունեցել նախագահելու ԵԽ նախարարների կոմիտեում: Ըստ ԱԺ նախագահի՝ Հայաստանի նախագահության գերակայությունները լիովին համահունչ էին Եվրոպայի խորհրդի անդամ երկրների եւ ԵԽ՝ որպես կազմակերպության օրակարգային հարցերին: Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի նախագահությունը բավական հաջող է ընթացել, հավասարակշռված եւ բոլոր անդամ երկրների հետ երկխոսության սկզբունքով:
Խոսելով մարդու իրավունքների պաշտպանություն մասին՝ Գալուստ Սահակյանը փաստել է, որ Հայաստանում իրականացված բարեփոխումները եղել են հետեւողական, եւ Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ լուրջ առաջընթաց է գրանցվել Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում, ու խորքային բարեփոխումներ են իրականացվել:
Զրույցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը: 2014թ. փետրվարին Հայաստանի կառավարությունը հաստատել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագիրը, որի մեկնարկը տրվել է հունիսի 30-ին: ԱԺ նախագահը կարեւորել է ծրագիրը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդման առումով եւ նշել, որ այն հանդիսանալու է Հայաստանի կառավարության ճանապարհային քարտեզը առաջիկա 3 տարիների համար:



























