ԼՂՀ ԱԳՆ-ն բացասական է գնահատում «Բռնության սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ բռնագրավված տարածքներում» անվանումով զեկույց պատրաստելու մասին ԵԽԽՎ-ում օրերս ընդունված որոշումը։ Այս մասին Terta.am-ին http://www.tert.am/am/ հայտնել են ԼՂՀ ԱԳՆ-ից:
«Այն, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում ընդունված 2005 թ. թիվ 1416 բանաձեւը, որը նույնպես պարունակում էր անթույլատրելի ձեւակերպումներ, կրելով զուտ քարոզչական բնույթ, ամբողջովին տեղավորվում են Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականության մեջ՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության խափանմանը։
Ակնհայտ է, որ որեւէ քաղաքական ազդեցություն նշված զեկույցը եւ նրա հիման վրա պատրաստվելիք բանաձեւը չեն կարող ունենալ, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միջազգայնորեն, այդ թվում նաեւ ԵԽԽՎ-ի կողմից ընդունված միակ ձեւաչափն է, որը զբաղվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ»,-ասված է ԼՂՀ ԱԳՆ պատասխանում:
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ԵԽԽՎ զեկուցողի այցը Արցախ, ԼՂՀ ԱԳՆ-ից արձագանքելն են. «Եթե զեկուցողը պնդում է իր մտադրության մասին՝ պատրաստելու անկողմնակալ զեկույց, ապա տրամաբանական է, որ նա պետք է այցելի Արցախ։ ԼՂՀ իշխանությունները նրա այցի հետ կապված որոշում կընդունեն համապատասխան դիմումի առկայության դեպքում»:



























