Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանը նշանակվելուց հետո արդեն մի քանի ամիս շաբաթը մեկ անգամ խորհրդակցություն է հրավիրում՝ ծանոթանալու կատարված եւ կատարվելիք աշխատանքներին:
«Ժամանակին հիշում եք, որ ոստիկանության պետի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով՝ ստուգելու եւ ուսումնասիրելու անձնագրային եւ վիզաների վարչության կազմակերպչական աշխատանքները: Հանձնաժողովի ղեկավարը ես էի, հանձնաժողովի անդամները ներկայացրին ստուգման արդյունքներով տեղեկանքներ, որը ամփոփեցի ես եւ զեկուցեցի ոստիկանության պետին: Կային թերություններ: Յուրաքանչյուր աշխատանքում հնարավոր են եւ թերություններ, եւ բացթողումներ, սակայն դրանք պետք է շատ շտապ վերհանվեն, վերլուծություններ արվեն, թե ինչ պատճառով են դրանք առաջացել: Հաշվի առնելով, որ երկար տարիներ տեսչության վարչության պետ եմ եղել եւ տարբեր ստորաբաժանումներով ստուգումներ եմ անցկացրել՝ մենք կոլեկտիվով վերլուծություններ կատարեցինք, թե ինչից են տեղամասերում առաջանում կուտակումները, հերթերը, ինչու փաստաթղթերը ժամանակին չեն արվում, նյութերին ընթացք չի տրվում: Ւհարկե, մի քիչ ժամանակ պահանջվեց դրա համար, բայց լուծումներ գտանք՝ վերլուծությունների հիման վրա: Ուսումնասիրեցինք նաեւ առանձին աշխատողի պոտենցիալը, օրինակ՝ մեկն արագաշարժ է, մյուսը դանդաղ է աշխատում, տեղափոխություններ կատարեցինք եւ արդյունք ստացանք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունիսին պետ նշանակված Միշա Սարդարյանը՝ պատասխանելով հարցին, թե Նորայր Մուրադխանյանն ինչ խնդիրներ է թողել իրեն:
Միշա Սարդարյանը նաեւ ընդգծեց, որ շարունակական բնույթ կրող թերություններ են եղել, որոնք իրենք փորձել են շտկել եւ վերացնել, իսկ վերջնական արդյունքի մասին կարող է ասել միայն ոստիկանության պետը:
Նշենք, որ Միշա Սարդարյանը անձնագրային եւ վիզաների վարչության պետ է նշանակվել հունիսի 12-ին՝ փոխարինելով Նորայր Մուրադխանյանին: Վերջինն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից համակարգում կառուցվածքային փոփոխության հետեւանքով: Տարածքային անձնագրային բաժանմունքները ապակենտրոնացել են եւ գործում են ոստիկանության բաժինների ենթակայությամբ, ինչպես նախկինում էր: Այդ փոփոխության արդյունքում Անձնագրային վարչությունը զբաղվում է բացառապես քաղաքացիության, վիզաների, օտարերկրացիների հարցերով, իսկ բուն աշխատանքով՝ տարածքային բաժինները:




























