Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ որդու՝ Արմեն Արամայիսի Ասլանյանի կալանավորելու միջնորդությունը կքննվի այսօր՝ հոկտեմբերի 10-ին:Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեղադրող դատախազը դիմել է Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Արմեն Արամայիսի Ասլանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրությունն ընտրելը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նստավայրը՝ Գորիս, մերժել էր քննիչի միջնորդությունը Արմեն Ասլանյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքը ընտրելու վերաբերյալ: Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին շարունակում է մնալ մեղադրյալ, միայն թե նրա նկատմամբ այժմ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Նրան մեղադրանք է առաջադրված ՔՕ-ի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի):
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ որդին՝ Արմեն Արամայիսի Ասլանյանը ցուցմունք է տվել ոստիկանությունում թմրանյութերի ապօրինի շրջանառության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: Իսկ քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի): Փորձաքննությունները հաստատել են նրա մոտ թմրանյութի առկայությունը:




























