Լոռու մարզի «Ալավերդի» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 28-ին 1-ամյա Դավիթ Գասպարյանի մահվան առթիվ քրեական գործ չի հարուցվի: NEWS.am-ի թղթակցին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով (հանցագործության դեպքի բացակայության հիմքով):
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դատաբժշկական փորձաքննությամբ եւ նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ երեխայի մահվան մեջ բացակայում է հանցագործության դեպքը: «Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է որ կերակուր ուտելու ժամանակ սննդի մնացորդներն ընկել են երեխայի շնչուղիները, ինչի հետեւանքով նա սկսել է շնչահեղձ լինել, տեղափոխել են հիվանդանոց, սակայն արդեն ոչինչ անել չի հաջողվել, երեխան մահացել է շնչառական անբավարարության հետեւանքով»,-հայտեցին քննչական կոմիտեից: Դեպքով նշանակված է նաեւ համալիր փորձաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռու մարզի «Ալավերդի» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 28-ին, մահացել է 1-ամյա Դավիթ Գասպարյանը: Հիվանդանոցի տնօրեն Ստեփան Մոսինյանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե հենց երեխային տեղափոխել են իրենց մոտ, ուղիղ 1-1,5 ժամ բժիշկները բոլոր անհրաժեշտ միջոցառումներն են ձեռնարկել, սակայն չեն կարողացել փրկել:




























