«Ժառանգություն» կուսակցությունը չի մեկնաբանում ԲՀկ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե նախագահի թեկնածուի 4-5 տարբերակ ինքն ունի, սակայն եթե ժողովուրդը գտնի, որ իր թեկնածությունը պետք է լինի, ինքը դրան էլ է պատրաստ:

NEWS.am-ի հետ զրույցում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց հետեւյալը. «Գագիկ Ծառուկյանն ամեն ինչ հստակ ասել է, ավելացնելու բան չունեմ»:

Հարցին՝ արդյոք հոկտեմբերի 10-ին եռյակի համատեղ համապետական հանրահավաքին նախագահի թեկնածուներին անդրադարձ է լինելու, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ նմանատիպ հարց չի քննարկվել:

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդն ասել էր. «Իմ մտքում կա 4-5 թեկնածու նոր նախագահի համար, որոնք արժանապատիվ մարդիկ են, եւ կարող են զարգացնել երկիրը. եթե հանրությունը, իմ գործընկերները  նրանցից մեկի թեկնածությունը պաշտպանեն, ես նրան կաջակցեմ: Իսկ եթե իմ թեկնածությունը դնեն, ես դրան էլ եմ պատրաստ: Պետությունը մի քանի ամսում կդրվի ճիշտ հիմքերի վրա: Մարդիկ դա կզգան իրենց առօրյայում: Այդ ժամանակ չեն լինի միանձնյա որոշումներ: Բոլոր կուսակցություններում կան անհատներ, որոնք շատ խելացի են, ազգի հարստությունն են, պիտի քննարկեն լսեն ու ճիշտ որոշում կայացնեն: Պիտի մարդիկ բարի լինեն լսելու, քննարկելու, որ ժողովուրդն իր վրա դա զգա»: