Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը ձերբակալել է հայտնի օրենքով գող Յուրի Ուսոյանին: 2013 թվականին սպանված Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդ Ասլան Ուսոյանի վստահված անձը եղել է հոկտեմբերի 7-ին Մոսկվայի կենտրոնում գողերի հավաքի ժամանակ ձերբակալվածների թվում:

Ըստ LifeNews-ի, քննիչներն Ուսոյանի նկատմամբ քրեական գործ են հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 228 հոդվածի հատկանիշներով («Թմրամիջոցների ապօրինի պահպանում»): Հայտնի է դարձել, որ խուզարկության ընթացքում հանցավոր «գեներալի» գրպանում 3.5 գրամ ամֆետամին են հայտնաբերել:

Հիշեցնենք, որ Մոսկվայի կենտրոնում գտնվող «Բոչկա» սրճարանում իրավապահներն ամբողջ երկրում հայտնի շուրջ 20 օրենքով գողի են ձերբակալել: Ոստիկանության աղբյուրի տվյալներով, ձերբակալվել են Յակուտիայի կազմակերպված հանցավոր խմբի ղեկավար Վլադիմիր Մալակշինը, Գեորգի Քալաշյանը, ով առավել հայտնի է Կոտիկ մականունով, Խիզիր Ակբուլատովը (Պուզիր), Անդրեյ Տկաչենկոն (Տկաչ Նյագանսկի), Վլադիմիր Զյատկովը (Զյատ) եւ Վասիլի Խրիստոֆորովը՝ Վոսկրես մականունով:

Դեդ Հասան անունով հայտնի Ասլան Ուսոյանը Մոսկվայում սպանվել է 2013 թվականի հունվարի 16-ին: Անհայտ դիպուկահարը հանցավոր հեղինակությանը գնդակահարել է այն պահին, երբ Դեդ Հասանը դուրս է եկել Պովարսկի փողոցի «Կարետնի դվոր» ռեստորանից: Թիկնապահներն Ուսոյանին հիվանդանոց էին տարել, սակայն բուժհաստատությանը մոտենալու պահին նա արդեն կլինիկական մահվան վիճակում է եղել: Որոշ ժամանակ անց բժիշկները դադարեցրել են վերակենդանացման միջոցառումները: