2012թ. դեկտեմբերին Դիանա Նահապետյանին դանակի 21 հարվածով սպանած նրա ամուսինը՝ Վլադիմիր Մուրադյանը պնդում է, որ Դիանայի անչափահաս դուստրը սպանությանն ականատես չի եղել։ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ամբաստանյալը հայտարրեց, որ Դիանայի 18-ամյա դստեր՝ Անահիտ Շահվերդյանի ցուցմունքը փորձել է միջամտել, թույլ չտալ մորը հարվածել՝ սուտ է։
«Մտանք տուն, երեխաները քնած էին: Ես սկայպով խոսում էի, ասեց՝ կթողնե՞ք քնենք: Հետո սկսեցինք վիճել: Առաջինն ինքը խփեց լիկյոռի շշով, հետո դանակը վերցրեց, վրաս հարձակվեց։ Դա իր սովորությունն էր: Որ խփեց ինձ, ես դանակը վերկալա, ու քֆուր տվեց ինձ: Ես հիշում եմ, որ դանակն իր ձեռքից եմ վերցրել։ Իսկ նախքան իր շիշը վեցնել խփելը երեխաները գնացին դուրս: Աստվածով եմ երդվում, վիճելու ժամանակ են գնացել»,-ասաց ամբաստանյալը:
Ամբաստանյալի խոսքով՝ Դիանայի երկու դուստրերը մոր ցուցումով գնացել են ոստիկանություն։ Նա ասաց, որ չի հիշում, թե դրանից հետո ինչ է եղել, ինքն ինչպես է դանակով հարվածել կնոջը՝ նշելով միայն, հոգեկան անհավասարկշիռ վիճակում է եղել։
Ամբաստանյալն ասաց, որ դեպիքց հետո մոտ 30 րոպե տանն է մնացել, հետո գնացել ոստիկանություն։ «Երբ դեպքը եղավ, դրանից հետո մոտ կես ժամ տանն եմ մնացել։ Շատ թույլ էի, չէի հասկանում՝ ինչ է կատարվում: Դիվանի վրա նստած էի, պահ էր եկել, ոնց որ քունս տաներ»,-ասաց նա։
Վլադիմիրը պատմեց, որ թեեւ իրենք Արարատում էին ապրում, բայց ինքը Վեդիի եւ Արարատի ոստիկանության բաժանմունքներ դիմելու փոխարեն գնացել է Երեւան, քանի որ կինն այդ բաժանմունքներում ծանոթներ է ունեցել, որոնք «կարող էին սարքել իր գլխին»։
Դատավորի այն դիտարկմանը՝ որ դեպքը տեղի է ունեցել 4 անց 15 րոպեին, իսկ ինքը ոստիկանություն է հասել դեպքից մոտ 3 ժամ անց, ամբաստանյալը պարզաբանեց, որ Երեւանի ճանապարհին մի քանի տեղ կանգնեցրել է մեքենան։
«Ճանապարհի վրա երկու-երեք տեղ կանգնել եմ, աչքերս գնում գալիս էր, գլուխս ֆռում էր: Մի քիչ ժամանակ քշում էի մեքենան ու կանգնում էի, քունս տանում էր»,-ասաց ամբաստանյալը։ Նա նշեց, որ Երեւան քաղաքի Շենգավիթի ոստիկանության բաժին մտնելիս ինքը դեռ չի իմացել՝ կինը մահացած է եղել, թե ոչ։
«Հերթապահը չթողեց ներս մտնեի, ասեցի՝ էդ դեպքը ես եմ արել, հերթապահն ասեց՝ ջուր խմեք, գնացեք տուն: Արարատի բաժին են կապնվել, ասեցին, որ սպանել ես»,-ասաց ամբաստանյալը, որը դեպքից անմիջապես հետո տված ցուցմունքում գրել էր, որ ինքը սպանել է կնոջը։ Ամբաստանյալի ցուցմունքը կասկած առաջացրեց կողմերի մոտ, որոնք անարժանահավատ համարեցին նրա խոսքերը։
«Չի կարող նման բան լինել, որ մեկը գնա ոտիկանության բաժին, ասի՝ մարդ եմ սպանել, ասեն՝ ջուր խմի գնա տուն»,-ասաց դատախազը։
Ամբաստանյալը նշեց, որ ինքն ու Դիանան հաճախ են վիճել, անգամ մի քանի անգամ Դիանան դիմել է ոստիկանություն։
«Իր սիրեկանը հենց ոստիկան էր: Առավոտ մի անգամ դուռը ծեծեցին, ինձ կանչեցին ոտիկանություն: Էդ ժամանակ մի քանի անգամ էլ Վեդի է տարել: Բողոքում էր, ասում էր՝ ինքը կռիվ ա անում հետս անկապ տեղը: Ես իրա մորը հեռախոսով էլ եմ ասել՝ արի տիրություն արա»,-ասաց ամբաստանյալը։
Այս դատական նիստին դատավորը մերժեց նախորդ նիստին ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը՝ դեպքին ականատես, Դիանայի 18-ամյա դստերը հարցաքննության կանչելու վերաբերյալ։ Դատական նիստին ներկա էին նաեւ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները, որոնք դատարանին մանկական հոգեբանի եզրակացություն ներկայացրին այն մասին, որ հարցաքննությունը կարող է հոգեբանական սթրեսի ենթարկել աղջկան։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Դիանայի ամուսինը` 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը, 2012թ. դեկտեմբերին առանձնակի դաժանությամբ սպանել էր իր կնոջը: Սկզբում ծաղկամանով հարված էր հասցրել վերջինիս գլխին, այնուհետեւ ոտքով հարվածել ծնոտին եւ մարմնի այլ մասերին, իսկ վերջում քարշ էր տվել խոհանոց եւ 21 դանակի հարված հասցրել: Վերոնշյալ տեսարանին ականատես էին եղել Դիանայի 14-ամյա եւ 17-ամյա դուստրերը, ովքեր դուրս են վազել բնակարանից եւ հարեւաններից օգնություն խնդրել:




























