Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը հոկտեմբերի 11-ին Երեւանը եւ Նովոսիբիրսկը քույր քաղաքներ հռչակելու համաձայնագիր կստորագրի, գրում է rbc-ն:
Ըստ աղբյուրի՝ ստորագրման արարողությունը կկայանա «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարության շրջանակում:
«Սիբիրի մայրաքաղաքի հանրությունը քանիցս Երեւանի եւ Նովոսիբիրսկի միջեւ կապերի սերտացման առաջարկությամբ է հանդես եկել: Վերջերս հիմնվել է «Նովոսիբիրսկ եւ Երեւան քաղաքների բարեկամության տունը», որը նպաստում է ՀԿ-ների եւ մշակութային հաստատությունների միջեւ կապերի զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում:
Ըստ Սիբիրի մաքսային վարչության՝ Հայաստանի հետ Նովոսիբիրսկի մարզի արտահանումը 2014թ. հունվար հունիսին կազմել է 641.2 հազար դոլար, ներկրումը՝ 181,4 հազար դոլար:
Արտահանման 40%-ը հրատեխնիկան եւ լուցկիներն են կազմել, 30% -ը՝ ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքները: Ներկրման 46% –ը կազմել են ձկնեղենն ու խեցգետինը, 25% -ը՝ սպիտակուցային նյութերը, օսլան եւ սոսինձները, 12% -ը՝ կահույքը եւ անկողնային պարագաները:




























