Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանի եւ «Օֆշորի գործով» կալանավորված Աշոտ Սուքիասյանի միջեւ երկու անգամ տեղի է ունեցել առերեսում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Սուքիասյանի փաստաբանը՝ Յուրիկ Խաչատրյանը:
Նա նշեց, որ Փայլակ Հայրապետյանը հրապարակայնորեն հայտարարում է չեղած բաներ, եւ եթե մարդ նման կերպ է վարվում, ուրեմն կամ պետք է դիտավորություն ունենա, կամ առողջական խնդիրներ: «Երկու անգամ առերեսում եղել է, ինչը ինքը չէր ասում, թաքցնում էր, հետո ասաց, որ ամսի 8-ին պետք է լինի, ես դա հերքեցի, որ նման բան չկա, եթե լինի, ես 100 տոկոս կիմանամ: Չգիտեմ ինչից ելնելով՝ ամսի 9-ին ասաց, որ իբր արդեն եղել է առերեսում եւ իմ պաշտպանյալը ասել է, թե իբր նախկին վարչապետը իրեն ուղարկել է բանկ, եւ այլն, նման բան չկա: Աշոտ Սուքիասյանը իրեն բացատրել է, որ ինքն է զբաղվել այդ հարցերով, այդ մարդկանց անունը գրել է Կիպրոսի փաստաբանի խորհրդով, որպեսզի իշխանավոր մարդիկ լինեն կողքը, բիզնեսը զերծ պահեն այլ ազդեցությունների: Առերեսման ժամանակ Աշոտ Սուքիայսանը ասել է այն, ինչ բոլորին հայտնի է, եթե նա այդ մարդկանց վերաբերյալ որեւէ բան ասեր, որեւէ մեկի անուն տար, որպես պաշտպան՝ ես կմիջնորդեի նրանց բերել, հարցաքննել: Նրանց միջեւ առերեսում եղել է անցած շաբաթվա երկուշաբթի կամ երեքշաբթի եւ ուրբաթ օրը»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ նա հայտարարություններ անում է ինչ-որ մոտիվներով եւ մի բան էլ օգնում է պաշտպանական կողմին՝ ցույց տալով ով ով է:
Յուրիկ Խաչատրյանն ասաց, որ ամենեւին էլ չի ասում, թե Փայլակ Հայրապետյանը չի տուժել, բայց եթե Աշոտ Սուքիասյանը մահանար Աֆրիկայում, ինչ պիտի լիներ, թող երաշխավորություններ ապահովեր, որպեսզի ֆորսմաժորային իրավիճակ լիներ, ինքը հնարավորություն ունենար իր գումարը ստանար:
Փաստաբանն ասաց, որ առայժմ նոր առերեսման մասին տեղեկութուն չկա, եթե ընթացքում անհրաժեշտություն լինի, հակասություններ առաջանան, կնշանակեն նոր առերեսումներ:
Նշենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո, Աշոտ Սուքիասյանը կալանավորվել էր:




























