Պերմի քննիչները պարզում են պարտապանին եւ նրա ընկերոջը դաժան ծեծի ենթարկելու հանգամանքները: Վերջինս ստացված վնասվածքներից մահացել էր, գրում է NEWSru-ն:

Զոհը Պերմի 28-ամյա բնակիչ Նիկիտա Պալյանովն է, որը հոկտեմբերի 4-ին հիվանդանոցում մահացել է: Նրան այնտեղ տեղափոխել էին բազմաթիվ վնասվածքներով՝ այն բանից հետո, երբ համաձայնել էր ընկերոջ հետ հաշիվներ պարզելու գնալ:

Հանցագործության մեջ կասկածվում է վարկային կազմակերպության աշխատակիցը, որից ողջ մնացած երիտասարդը պարտքով 1000 ռուբլի էր վերցրել:

24-ամյա տուժած Անդրեյ Չերնիխի խոսքով՝ մեկ տարի առաջ ինքը 1000 ռուբլի վարկ է վերցրել «DamDеньги» ընկերությունից: Չվճարելու հետեւանքով գումարը հնգապատկվել է: Ըստ ընկերության ներկայացուցիչների, իրենց զանգերին Չերնիխը պատասխանում էր. «Փող չկա, ձեռք քաշեք ինձանից»:

«DamDеньги»-ի աշխատակիցները հաշիվ պարզելու են կանչել Անդրեյին, վերջինս էլ ընկերոջ հետ է գնացել:

Նշվում է, որ ծեծին մասնակցել են «DamDеньги» եւ «Բիստրոդենգի»  ընկերությունների աշխատակիցներ, որոնք Չերնիխից 300 հազար ռուբլի էին պահանջել: Կալանավորվել է միայն մեկ մարդ, որը «DamDеньги»-ի աշխատակից է: