Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շարունակում է բոլորին կոչ անել՝ ներկա գտնվել խորհրդարանական ոչ իշխանական եռյակի՝ այսօր կայանալիք համատեղ համապետական հանրահավաքին եւ լսել ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին եւ «ժառանգությանը»:
«Իմ անձնական ցանկությունն է, որ մարդիկ գնան, լսեն, թե ինչ են ասում այդ ուժերը: Շատ եմ ուզում, որ հենց նրանք լսեն, ոչ թե լրագրողների գեղեցիկ շարադրած մտքերը կարդան: Ինքս էլ մեծ սիրով կգնայի, եթե ազատ ժամանակ ունենայի, բայց, ցավոք, չունեմ: Բայց գիտեմ, որ նոր բան չեն ասելու, իրենց բառապաշարին ծանոթ եմ, հաստատ նոր բան չեն ասելու»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Վահրամ Բաղդասարյանը չբացառեց նաեւ, որ Ազատության հրապարակում այսօր կլինեն նաեւ ՀՀԿ-ականներ:
Նշենք, որ եռյակի համատեղ համապետական հանրահավաքը սկսկվելու է ժամը 18:00-ին Ազատության հրապարակում: Ներկա են լինելու նաեւ եռյակի առաջնորդները:




























