Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համոզված է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը նախագահի թեկնածու առաջադրվելու մասին վերաբերվում է 2018թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններին:
«2018թ.-ին յուրաքանչյուր քաղաքացի կարող է առաջադրվել, դա յուրաքանչյուրի ցանկությունն է, Գագիկ Ծառուկյանն էլ է կարող, Դուք էլ եք կարող, դա բացառապես յուրաքանչյուրի իրավունքն է: Իսկ Գագիկ Ծառուկյանն այնքան լրջախոհ անձնավորություն է, որ հաստատ 2018թ.-ի մասին է խոսել»,- NEWS.am-ի հետ զրույցում Ծառուկյանի վերջին հայտարարությունն այսպես մեկնաբանեց Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին, թե մինչեւ առաջիկա նախագահական ընտրություններն իշխանափոխություն չի՞ լինելու, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ համոզված է, որ ոչ:
Նշենք, որ հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդն ասել էր. «Իմ մտքում կա 4-5 թեկնածու նոր նախագահի համար, որոնք արժանապատիվ մարդիկ են, եւ կարող են զարգացնել երկիրը. եթե հանրությունը, իմ գործընկերները նրանցից մեկի թեկնածությունը պաշտպանեն, ես նրան կաջակցեմ: Իսկ եթե իմ թեկնածությունը դնեն, ես դրան էլ եմ պատրաստ: Պետությունը մի քանի ամսում կդրվի ճիշտ հիմքերի վրա: Մարդիկ դա կզգան իրենց առօրյայում: Այդ ժամանակ չեն լինի միանձնյա որոշումներ: Բոլոր կուսակցություններում կան անհատներ, որոնք շատ խելացի են, ազգի հարստությունն են, պիտի քննարկեն լսեն ու ճիշտ որոշում կայացնեն: Պիտի մարդիկ բարի լինեն լսելու, քննարկելու, որ ժողովուրդն իր վրա դա զգա»:




























