Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած 59-ամյա Սուրեն Վաչիկի Գաբրիելյանը տեղափոխվել է Վրաստանի դատապարտյալների հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Հակոբ Ճարոյանը, ով երեկ է վերադարձել Վրաստանից:

Փաստաբանի խոսքով, ինքը չի կարողացել տեսնել իր պաշտպանյալին, քանի որ ընթացակարգային հարցեր կային, բայց հանդիպել է նրա վրացի փաստաբանի հետ: Սուրեն Գաբրիելյանին պետք է համալիր հետազոտում անեն, այնուհետեւ նորից կվիրահատեն, քանի որ որոշակի առողջական խնդիրներ են առաջացել: Փաստաբանն ասաց, որ Վրաստանում ավելի վաղ կատարված սրտի վիրահատության գումարը՝ մոտ 15 հազար դոլար հոգացել է պետությունը՝ ի տարբերություն Հայաստանի:

Ըստ Ճարոյանի, որ իր պաշտպանյալի գործով Վրաստանում դատական նիստը կկայանա նոյեմբերի 20-ին, իսկ մինչ այդ բոլոր փաստաթղթերը՝  կապված իր առողջական վիճակի, միջնորդությունների հետ պետք է թարգմանի վրացերեն եւ անգելերն, որպեսզի ներկայացնի այնտեղի փաստաբանին: «Հայաստանից որեւէ պաշտոնական փաստաթուղթ չկա իրեն հետ պահանջելու, բայց այստեղից իրավապահ մարմինների ներկայացուցիչներ գնացել են, ասել, որ ինքը հանցագործ է, տվեք մեզ եւ այլն: Ինձ թվում է՝ նրան  չեն տա Հայաստանին, քանի որ այն նույն հիվանդությունները, որոնք ֆիքսված են փաստաթղթերով, իրենց մոտ եւս նշանակում է, որ պետք է պատժից ազատեն»,-ասաց Հակոբ Ճարոյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ գլխավոր դատախազին Սուրեն Գաբրիելյանի խափանման միջոցը փոխելու եւ հետախուզումը վերացնելու միջնորդություն էր ներկայացրել, որի պատասխանը դեռ չունի:

Ինչ վերաբերում է իր՝ ՀՔԾ ներկայացված հաղորդմանը՝ դատախազության բարձրաստիճան պաշտոնյաններից մեկի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով, ապա Հակոբ Ճարոյանը ստացել է գրություն առ այն, որ իր դիմումը կցվել է փախուստի վերաբերյալ քրեական գործին: Գրության մեջ նշված է նաեւ, որ դատախազի դեմ քրեական գործ հարուցելու համար պետք է դիմել Գլխավոր դատախազին, եւ նա հենց այսօր էլ կդիմի դատախազին:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 16-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից, փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 59-ամյա Սուրեն Վաչիկի Գաբրիելյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով, 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոցը՝ կալանք: Արտաքին նշաններն են. հասակը՝ 165 -170 սմ, նիհարավուն կազմվածքով, քայլում է կաղալով: Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Փաստաբանը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում էր տվել, որ նրա փախուստի մեջ մեղավոր են նրանք, ովքեր մերժել են իր միջնորդությունները եւ կալանավորին ազատ չեն արձակել՝  հիմք ընդունելով նրա մոտ առկա պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունները: Մասնավորապես, պաշտոնյանների կողմից անտեսվել են օրենքի պահանջները եւ պաշտոնական դիրքի չարաշահման արդյունքում կալանավորին դրդել են փախուստի, մինչդեռ եթե օրենքի պահանջները կատարեին, նա չէր դիմի փախուստը: