Ադրբեջանում քննարկում են մայրաքաղաքը Բաքվից տեղափոխելու հարցը:
Ադրբեջանի կառավարությունը, ըստ minval.az-ի, որը վկայակոչում է «Ենի Մուսավաթ» կուսակցությանը, նախագծի համար նախնական 20 մլրդ մանաթ է նախատեսում հատկացնել: Ծրագրի իրականացման դեպքում պետհաստատությունների, նախարարությունների, կառավարական մարմինների մեծամասնությունը կտեղափոխվեն Ալյաթ (հարավային Բաքու՝ Կասպից ծովի ափին):
Մայրաքաղաքի տեղափոխման հարցը մի քանի անգամ բարձրացվել է Միլի Մեջլիսում:
Որոշ պատգամավորներ կարծում են, որ տրանսպորտային միջոցների թվի ավելացման եւ նոր շենքերի կառուցման հետեւանքով Բաքվում բնապահպանական վիճակը խիստ վատացել է: Նախատեսվում է Բաքուն վերածել Ադրբեջանի առեւտրային կենտրոնի, գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բոլոր կառույցները կտեղափոխվեն նոր մայրաքաղաք:
Նոր մայրաքաղաքը գտնվելու է Ալյաթի հարեւանությամբ՝ ընդարձակ նախալեռնային տարածքում: Այս քաղաքի անունը դեռ հայտնի չէ: Ըստ աղբյուրի՝ որպես մայրաքաղաք նման վայրի ընտրությունը պատահական չէ: ԽՍՀՄ ժամանակներում այդ տարածքում ծրագրվել էր ԱԷԿ-ի շինարարություն: Այդ նպատակով իրականացվել են համապատասխան երկրաբանական եւ երկրաֆիզիկական աշխատանքներ: ԽՍՀՄ փլուզումից հետո այս ծրագիրը սառեցվել է:
Աղբյուրը պնդում է, որ նոր մայրաքաղաքի կառուցման ծրագրի քննարկումը գրեթե ավարտվել է եւ հավանություն ստացել բարձր ղեկավարության կողմից: Նույնիսկ պնդում են, որ այս նախագիծը Իլհամ Ալիեւինն է: Ալյաթ ավանում վերջերս Բաքվի նոր միջազգային առեւտրի նավահանգստի շահագործման հանձնելը համարվում է նոր մայրաքաղաքի շինարարության անոնս: Այստեղ նաեւ սկսվել է միջազգային օդանավակայանի շինարարություն:
Երկու քաղաքների միջեւ հեռավորությունը կարելի կլինի հաղթահարել 20 րոպեում: Ծրագրի մեկնարկը կտրվի 2015թ.:




























