2014 թվականի հունիսի 25-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել Երեւանի բնակչուհի Սարդարյանից, որ 2014 թվականի մայիսի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ պայմաններում կորցրել է ՀՀ քաղաքացու՝ իր անձնագիրը, որն անհայտ անձն օգտագործել է՝ տարբեր գործարքներ կատարելու համար։

ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե մասնավորապես՝ երկու տարբեր բանկերի միջոցով Երեւան քաղաքում գործող երկու տարբեր խանութ-սրահներից, տարաժամկետ վճարման կարգով, գնել է 270.000 եւ 233.000 ՀՀ դրամ արժողության 2 դյուրակիր համակարգիչ եւ խարդախությամբ վստահությունը չարաշահելու միջոցով տիրացել դրանց՝ պատճառելով ընդհանուր 503.000 ՀՀ դրամ նյութական վնաս:

Դեպքի առթիվ 2014 թվականի հուլիսի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում։

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դյուրարկիր համակարգիչներ վերցրել է լուսանկարում պատկերված կինը։

Ովքեր տեղեկություն ունեն լուսանկարում պատկերված անձի մասին, խնդրում ենք այդ մասին հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին, կամ ոստիկանության մոտակա բաժնին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: