Նուբարաշենի բնակիչ, 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ մեղադրվող եւ ավելի քան 4 ամիս հետախուզման մեջ գտնվող՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու գործով քննչական գործողությունները դեռ չեն ավարտվել: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով մեղադրյալի փաստաբանը՝ Կրոմվել Գրիգորյանը:
Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը դեռ չի ներկայացել ոստիկանություն, նրան չեն էլ հայտնաբերել: Ինչ վերաբերվում է ընթացող նախաքննությանը, ապա դրա ավարտ դեռ չի հայտարարվել եւ առհասարակ վաղ է այդ մասին խոսելը:
Նշենք, որ Սեդրակ Օսիպյանին հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա գտնվում է հետախուզման մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել 2014թ. հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Այնուհետեւ, արդեն գործով վկա Սարգիս Հովհաննիսյանի մայրը՝ Սուսաննա Հովհաննիսյանը, աղմկահարույց հայտարարություն էր արել այն մասին, թե հունիսի 1-ին Դավիթաշենում Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության դեպքից հետո փոխոստիկանապետն առաջարկել է, որ իր որդին` Սարգիս Հովհաննիսյանը, կատարվածի մեղավորությունը վերցնի իր վրա, իսկ փոխոստիկանապետը կօգնի, որ գործը «ջրեն»: Մամուլի հրապարակումների հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել:




























