Գյումրիում հոկտեմբերի 9-ին ինքնասպանություն է գործել 27-ամյա երիտասարդ:
NEWS.am-ի տեղեկություններով՝ գյումրեցի Վաչագանն ինքնասպան է եղել հոր հուղարկավորության հաջորդ օրը:
Հարեւանները մեզ պատմեցին, որ երիտասարդը երբեք ոչ մեկի հետ երբեւիցե խնդիր չի ունեցել եւ նրա այս քայլը բոլորին է զարմացրել: Նրանք պատմեցին նաեւ, որ Վաչագանի հայրը երկար տարիներ արտագնա աշխատանքով է զբաղվել, այս տարի էր Հայաստան վերադարձել, այն էլ առողջական խնդիրների պատճառով:
«Հոր մահը Վաչագանը ծանր էր տանում, տան միակ տղան էր, երեւի ապրումներն ու սթրեսն է նրա վրա ազդեցություն թողել, թե չէ ինքը ոչ խմող էր, ոչ էլ առավել եւս խաղացող, ոչ էլ պարտքեր ուներ»,- ասաց մահացածի հարեւանուհին, որը խնդրեց իր անունը չհրապարակել:
Ընկերներին ու հարեւաններին Վաչագանը մինչեւ մահանալն ասել էր, որ հոր առողջանալուն պես նշանվելու էր:
«Ասում էր՝ ես մի աղջիկ եմ տեսել, պապան լավ եղավ, թե չէ գնում ենք ուզելու, տղա ունեցա թե չէ պապայիս անունն եմ դնելու, որ ուրախանա»,- պատմեց Վաչագանի ամենամոտ ընկերը:
Նշենք, որ ինքնասպանություն գործած երիտասարդը տան միակ տղան էր, երկու քույր ուներ:





























