Ես ոչ քրեական աշխարհի հետ կապ ունեմ, ոչ էլ ինչ-որ քրեական անցյալ ունեմ, դրանք բամբասանքներն են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանը:

Նա նշեց, որ ինքը մարզպետի օգնական է նշանակվել հոկտեմբերի 3-ին, երբեք չի եղել Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը, 2005-2011թ նույնպես աշխատել է օգնական: Թե ինչ է անելու Զարզանդ Նիկողոսյանն այդ պաշտոնին, նա նշեց, որ օգնականը կոչված է կատարելու մարզպետի հանձնարարականները, իսկ թե ինչ հանձնարարականներ կլինեն, չի կարող ասել: Սյունիքի մարզպետի օգնականն ասաց, որ օրինակ՝ մեր զրույցի պահին նա գտնվում է Գորիսում, տոնում են քաղաքի 144-ամյակը:

Ինչ վերաբերում է նրա մասնակցությունը մի շարք աղմկահարույց միջադեպերին, օրինակ՝ Կապանում բնակչի ծեծելը  եւ թե ինչպես այս նշանակմանը կվերաբերեն Բուդաղյանները, օգնականն այսպես պատասխանեց.«Էդ ի՞նչ են նայել, որ իմացել են քրեական անցյալ ունեմ, ո՞վ է Կապանի բնակչին ծեծել, ո՞վ է էդ ախմախությունը ասում, հարյուր անգամ էդ բաները գրել են, նորից շոշափո՞ւմ են: Ոնց ուզում են արձագանքեն, ինձ համար ի՞նչ տարբերություն»,-ասաց նա:

Նշենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել է, թե Սյունիքի մարզպետ վերանշանակված Սուրեն Խաչատրյանը մարտահրավեր է նետում բոլորին եւ ամեն ինչին: «Նա իրեն օգնական է նշանակել իր քրեական անցյալով հայտնի թիկնապահին: Ավելին, Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում տեղադրվել էր տեղեկություն այն մասին, որ Սուրեն Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել է մարզպետի օգնական: Սա այն Զարզանդն է, որը մարզպետ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ էր, հետո վկա դարձավ, հիմա էլ՝ պետական պաշտոնյա»,-գրել էր թերթը։