Հայաստանում Gallup International ասոցիացիայի բացառիկ ներկայացուցիչ MPG ՍՊԸ-ն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պատվերով անցկացրել է սոցիոլոգիական հետազոտություն՝ գազամատակարարման ոլորտի վերաբերյալ հասարակական կարծիքն ուսումնասիրելու նպատակով:

Հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից հայտնում են, թե սոցիոլոգիական հարցումն իրականացվել է 2014 թ. սեպտեմբերի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի 10 մարզերում եւ Երեւանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն (Երեւանում` 33%, մարզերում` 67%): Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական կարգով:

Այսօր MPG ընկերությունը հետազոտության արդյունքները ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ – գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին եւ Ընկերության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:

Հետազոտության շրջանակում ուսումնասիրություններ են կատարվել գազամատակարարման հետ առնչվող խնդիրների, մատուցվող ծառայության որակի, 1-04 վթարային ծառայության եւ ներտնային գազահամակարգի տեխնիկական սպասարկման աշխատանքների, տնային տնտեսություններում գազասարքավորումների շահագործման, սպառած բնական գազի դիմաց կատարվող վճարումների եւ մի շարք այլ ուղղություններով:

Ամփոփելով սոցիոլոլոգիական հետազոտության արդյունքները՝ Վարդան Հարությունյանը կարեւորել է հասարակական կարծիքի նշանակությունը Ընկերության կողմից մատուցվող ծառայության վերաբերյալ, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել աշխատանքի ընդհանուր պատկերը: «Ներկայացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ համակարգում կան մի շարք դրական ցուցանիշներ, ինչը ողջունելի է մեզ համար: Դրա հետ կան նաեւ խնդիրներ, որոնց հետ կապված անհրաժեշտ է հետեւողական աշխատանք՝ կարգավորելու եւ արագ լուծումներ գտնելու նպատակով»,-նշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ – գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը՝ համապատասխան հանձնարարականներ տալով իրացման եւ տեխնիկական հարցերով ստորաբաժանումների ղեկավարներին: