2015 թվականին Ղրղըզստանը Ղազախստանի հետ լինելու է ԱՊՀ-ում համանախագահող երկիր, իսկ 2016-ին կդառնա լիարժեք նախագահ: Այս մասին գրում է «ԲԵԼՏԱ»-ն՝ վկայակոչելով ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստի ժամանակ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հայտարարությունը:
«ԱՊՀ գործադիր մարմնի առաջարկությամբ՝ մենք պատրաստ ենք ստանձնել ԱՊՀ-ում նախագահության գործառույթները, ինչպես նաեւ համաձայն ենք 2015 թվականի ապրիլին ԱՊՀ արտգործնախարարների Խորհրդի նիստն անցկացնել Բիշքեկում: Արդեն 2016 թվականին մենք ցանկանում ենք սռանձնել ԱՊՀ լիարժեք նախագահությունը: Մենք համոզվեցինք, որ առայժմ ԱՊՀ հարթակին որեւէ այլ ձեւաչափ չի կարող փոխարինել: Նրանք, որոնք ինչ-ինչ պատճառներով ընդդիմացել են դրան, առաջին հերթին իրենց են վնասում»,- նշել է երկրի ղեկավարը:
Նախագահը հավելել է, որ Ղրղըզստանը հանդես է եկել եւ շարունակելու է հանդես գալ ԱՊՀ-ում համագործակցության ամրապնդման եւ բարեկամական հարաբերությունների զարգացման օգտին: «2014 թվականի առաջին կիսամյակը դժվար էր ԱՊՀ-ի համար՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ»,- հավելել է Աթամբաեւը:
Նշենք, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում անցկացվում է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստը
Հիշեցնենք, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհուրդը դիտարկելու է 17 փաստաթղթի նախագիծ, որոնք ուղղված են համագործակցության հետագա զարգացմանը մարդասիրական, անվտանգության ապահովման եւ այլ ոլորտներում:



























