Հայ ժողովուրդը լսածով չէ, որ գիտի, թե ինչ է կրոնական եւ էթնիկ անհանդուրժողականությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը աշխատանքային այցով գտնվում է Բելառուսի Հանրապետությունում եւ այսօր Մինսկում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով:

«Հաջորդ տարի մենք նշում ենք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ամբողջ աշխարհով նախատեսված են լայնամասշտաբ միջոցառումներ: Մենք ելնում ենք այն փաստից, որ այդ սարսափելի հանցագործության կրկնության կանխարգելման կարեւորագույն գործիքներից մեկը մարդկության դեմ արդեն կատարված հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումն է:

Կրոնական անհանդուրժողականության վերջին դրսեւորումներից մեկը դարձավ սիրիական Դեր Զորում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու Սրբոց նահատակաց համալիրի պայթեցումը, որը կազմակերպվել էր իրեն «Իսլամական պետություն» անվանող ահաբեկչական կազմակերպության կողմից: Այդ եկեղեցու դամբարանում պահպանվող Ցեղասպանության զոհերի մասունքների պղծումը, անմարդկային հալածանքները, որոնց ենթարկվում են Մերձավոր արեւելքի քրիստոնեական, եզդիական եւ այլ համայնքները, չեն կարող արդարացվել եւ չեն կարող տեղավորվել մեզ հայտնի կրոնների, այդ թվում նաեւ՝ իսլամի փիլիսոփայության մեջ: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ հետ միասին վճռականորեն դատապարտեցին այդ բարբարոսությունը»,- նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով, աշխարհի շատ տարածաշրջաններում քաղաքական իրավիճակի սրման, միջազգային լարվածության աճի ֆոնին Համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի խաղաղության եւ կայունության ապահովմանը, գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորմանը եւ հնարավոր հակամարտությունների կանխարգելմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների եւ սկզբունքների, ինչպես նաեւ Հելսինկյան Եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա: