Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով տուժածների առողջական վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի տնօրեն Խաչատուր Կարապետյանը:
Նա նշեց, որ իրենց մոտ տեղափոխվել է երկու հոգի՝ 30-35 տարեկանի մի կին եւ տղամարդ: Հիվանդանոցի տնօրենը անձամբ տեսել է նրանց եւ նշեց, որ շատ ծանր վնասվածքներ չունեն, հնարավոր է նույնիսկ չմնան հիվանդանոցում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Գյումրի հատվածի 101-րդ կմ-ում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 29UO743 պ/հ եւ «ՎԱԶ-2101» մակնիշի 10SO904 պ/հ (վարորդ Հ. Ե. ծնվ. 1946թ.) ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին եւ ուղեւորին տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով՝ տեղի ուժերով, դուրս են բերել ավտոմեքենայից, վերջիններս հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին, հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ դադարեցրել գազի արտահոսքը:




























