Վրաստանը Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարան է ուղարկել երկրում Հյուսիսատլանտյան դաշինքի ուսումնամարզական կենտրոնի տեղակայման առաջարկությունը, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային:

Նախարարը նշել է, որ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքը կստեղծվի Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Ուելսում կայացած գագաթնաժողովի շրջանակներում ձեռբերված պայմանավորվածությունների շրջանակներում: «Վրաստանի կողմից առաջարկվող Վրաստան-ՆԱՏՕ փաթեթը նախատեսում է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի բացում, մեր պաշտպանունակության բարձրացման նպատակով համատեղ զինավարժությունների անցկացում՝ որպես Ռուսաստանից բխող ագրեսիայի զսպող գործոն: Սա որոշված հարց է», - ընդգծել է Ալասանիան:

«Ռոսիսկայա գազետան» գրում է, որ  Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Վրաստանում ի շահ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածի տեղակայումը տարածաշրջանային անվտանգության սպառնալիք կստեղծի:

Սակայն, Ալասանիայի համոզմամբ՝ Հարավային Կովկասի միակ սպառնալիքը Մոսկվան է:

«Տարածաշրջանի համար միակ մեծ սպառնալիքը Վրաստանում գտնվող ռուսական օկուպացիոն ուժերն են եւ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ներկայիս ագրեսիան: Մենք ակնկալում ենք, որ 2015թ. Ռոսաստանը միջազգային հանրության ճնշման ներքո ստիպված կլինի կատարել իր ստանձնած պարտավորությունները: 2008թ. եւ ներկայիս ուկրաինական իրադարձություններին գլխավոր ագրեսոր կողմը Ռուսաստանն է: Հենց Ռուսաստանն է ողջ տարածաշրջանի համար ռազմական սպառնալիք ներկայացնում», - հայտարարել է նախարարը: