Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այս պահին չի կարող ասել՝ ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու մեջ ինչ դերակատարում ունի ՌԴ օմբուդսմեն Էլլա Պամֆիլովան, ում ՄԻՊ-ը դիմել էր՝ հայ գործարարին օգնելու համար:
«ՌԴ օմբուդսմենը համապատասխան միջամտություն է ցուցաբերել եւ համապատասխան գրություններ ուղարկվել՝ հասկանալու համար, թե ինչքանով է ճիշտ նման հիվանդություններ ունեցող մարդուն կալանքի տակ պահելը: Հարցը դեռ քննարկվում է»,- NEWS.am-ին ասաց ՄԻՊ խորհրդական Երանուհի Թումանյանցը:
Թե ինչ կապ ունի ՌԴ օմբուդսմենը Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հետ, Երանուհի Թումանյանցը դժվարացավ պատասխանել. «Իրականում հնարավոր է կապ ունենա, հնարավոր է, որ ոչ: Այս պահին ոչինչ ասել չենք կարող, պաշտոնական հարցումների պատասխաններն իմանալուց հետո արդեն կարող ենք այդ մասին խոսել»:
Նշենք, որ օգոստոսի 7-ին «Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել ՄԻՊ գրասենյակի, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան եւ Հայաստանի ԱԳՆ-ի առջեւ՝ պահանջելով արձագանքել հայ բարերարի կալանավորմանն ու քայլեր ձեռնարկել՝ նրան օգնելու համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։




























