Հայաստանի շահերից է բխում իր Ռուսաստանի միգրացիոն ծառայության «սեւ ցուցակում» հայտնված 200 հազար քաղաքացիների ճակատագրի մասին հոգալը, հոկտեմբերի 10-ին հայտարարել է  ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի համոզի ռուս գործընկերներին. այդ մարդկանց մեծամասնությունը հանցագործներ չեն եւ վտանգավոր չեն հասարակության համար: Հետեւաբար, 3 տարի ժամանակով մուտքի արգելքը ոչ ադեկվատ  պատիժ է նրանց համար:

«Նրանց մեծամասնությունը պարզապես 2 – 3 անգամ փողոցն անցել են կարմիր լույսի տակով կամ էլ ժամանակին չեն վճարել  տուգանքը: Իհարկե, նրանք պարտավոր են  հետեւել այն երկրի օրենքներին, որտեղ ապրում են:  Սակայն Հայաստանը կարող է ջանքեր գործադրել, նրանց համար միջնորդել: Առավել եւս, որ Ռուսաստանը նախկինի պես շահագրգիռ է  միգրանտների հոսքի հարցում. սեփական աշխատանքային ռեսուրսներն այնտեղ շարունակվում են կրճատվել», - հավելել է Եգանյանը: