Կառավարության հետ համատեղ շրջանառության մեջ է դրված նոր օրինագիծ, որի ընդունման դեպքում բանկերը հնարավորություն չեն ունենա միակողմանիորեն փոխել վարկերի տոկոսադրույքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ անելու եւ «Սպառողական կրեդիտավորման օրենքում» լրացումներ անելու փաթեթի հեղինակ, Աժ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ հաշվի առնելով, որ Հայաստանում վարկ վերցրած անձինք մեծ թիվ են կազմում եւ հաճախ նրանք անակնկալի են գալիս՝ բանկերից ստանալով ծանուցումներ տոկոսադրույքների փոփոխման մասին Կառավարության հետ համատեղ մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել այս խնդիրները կարգավոր մի օրինագիծ: Պատգամավորը պարզաբանեց, որ քանի որ ամենատարածված վարկի տեսակները սպառողականն եւ հիպոթեքայինն են, ուստի՝ առաջարկվող փոփոխությունները հենց դրանց է վերաբերելու: Նախագծի հեղինակի ներկայացմամբ՝ օրինագծում երկու հիմնական շեշտադրում կա, առաջինը վերաբերում է քաղաքացուն տրամադրվող վարկի մասին մանրամասն տեղեկացնելուն, մասնավորապես՝ տոկոսադրույքների չափի, տեսակի մասին լրացուցիչ ծանուցելուն եւ հավաստիանալուն, որ քաղաքացին ծանուցվել է, քանի որ հաճախ քաղաքացիները ստորագրում են պայմանագրերի տակ՝ առանց ընթերցելու դրանք:
Երկրորդ կարգավորումը վերաբերում է սպառողական կրեդիտավորման եւ հիպոթեքային վարկերի դեպքում տոկոսադրույքների չափին, որը կարող է լինել հաստատուն եւ լողացող: «Եթե այսօրվա օրենսդրությամբ հնարավորություն է ընձեռվում բանկին միակողմանիորեն փոխել տոկոսադրույքը՝ պարզապես իրազեկելով քաղաքացուն, ապա այս օրինագծի ընդունման դեպքում բանկը նման հնարավորություն չի ունենա: Այսպես, հաստատուն տոկոսադրույքներով տրամադրվող սպառողական եւ հիփոթեքային վարկերի դեպքում բանկը միակողմանիորեն հնարավորություն չի ունենա փոխել տոկոսադրույքը: Ինչ վերաբերում է լողացող տոկոսադրույքով վարկերին, ապա արգելվում է նման տոկոսադրույքով սպառողական վարկի տրամադրումը, իսկ հիպոթեքային վարկի տրամադրման դեպքում տոկոսադրույքը կարող է փոխվել տարեկան առավելագույնը երկու անգամ՝ ըստ անհրաժեշտության»,-ասաց պատգամավորը:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ օրինագիծը նախորդ շաբաթ քննակվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում, որտեղ տրվել է դրական եզրակացություն, այն ընդգրկվել է ինչպես նստաշրջանի, այնպես էլ քառօրյա նիստերի օրակարգում եւ պատեհ պահի կդրվի քննարկման: Պատգամավորը վստահ է՝ եթե այս քառօրյայում չընդգրկվի, հաջորդում հաստատ կընդգրկվի:
Նա նաեւ ասաց, որ Կառավարության հետ համատեղ մշակված օրինագիծը քննարկումների երկարատեւ փուլ է անցել, մտահոգություններ են հայտնել բանկերը, առաջարկություներ է արել Կենտրոնական բանկը եւ Բանկային միությունը: «Սա ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի է, այլ հանուն քաղաքացիների շահերի պաշտպանության եւ իրազեկման, կանոնակարգումների անհրաժեշտություն կա, պետք է ճշգրտումներ լինեն ինչպես ծանուցումների այնպես էլ վարկերի ծանուցագրերի հետ կապված»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:




























