Շվեյցարիայի բանկերը 2018 թվականի հունվարի 1-ից պարտավորվելու են երկրի հարկային մարմիններին օտարերկրյա ռեզիդենտների մասին տվյալներ տրամադրել: Այս մասին գրում է ՌՈՍԲԱԼՏ-ը՝ ակայակոչելով Շվեյցարիայի կառավարության պաշտոնական հաղորդագրությունը:

Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջազգային հանրության կողմից իննամյա ճնշման արդյունքում Շվեյցարիան որոշել է օրենսդրական բազա ստեղծել տվյալների ավտոմատ փոխանակում ներդնելու համար: Այսպիսով, տվյալների առաջին փոխանակումը կարող է տեղի ունենալ 2018 թվականին:

«Խոսքը Շվեյցարիայում իսկական հեղափոխության մասին է: Մինչեւ վերջերս չհայտարարագրված հաշվի գոյության մասին կասկածների դեպքում հարկ էր դիմել շվեյցարական իշխանություններին եւ մանրամասն հարցում կատարել՝ նշելով հաշվի տիրոջ անունն ու հասցեն: Գործընթացը երկար էր տեւում եւ ավարտվում էր ոչ ամբողջական տեղեկատվության տրամադրմամբ, քանի որ շվեյցարական բանկերը թաքնվում էին բանկային գաղտնիքի տակ, որը նախատեսված է Սահմանադրությամբ»,- նշում է աղբյուրը:

Միաժամանակ, բանկային գաղտնիքը շվեյցարացիների համար կպահպանվի: Ներկայում 2017 թվականից տվյալների փոխանակման պարտավորություն ստանձնել են 47 երկրներ: Շվեյցարիան, Սինգապուրը եւ Հոնկոնգն այդ ժամկետը հետաձգել են մեկ տարով: Չի բացառվում նաեւ, որ Շվեյցարիայի քաղաքացիներն այդ հարցով հանրաքվե կանցկացնեն՝ անմիջական ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան: